«Շատ հարցեր արդեն ՀՀԿ-ն կարող է պաս տալ ՀՅԴ-ին. իշխանությունն իրեն մանյովրելու տեղ է թողնում». Տիգրան Քոչարյան

ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը ոչ այնքան ՀՀԿ-ին է պետք, որքան աշխարհաքաղաքական խաղացողներին: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ով այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց, որ հասկանալի է՝ ՀՅԴ-ն գնում է համագործակցության, որովհետև ունենում է լծակներ: «Մյուս տարի ընտրություններ են, արդեն չկան հայտնի հայ-թուրքական արձանագրությունները, իսկ ՀՅԴ-ի ռեալ խնդիրն իշխանության հետ միայն դա էր, դրա համար ՀՅԴ-ն հիմա չունի խնդիր, գնում է իշխանության:

Ի՞նչ է ՀՀԿ-ին տալիս դա. ոչ այնքան դա ՀՀԿ-ին է պետք, որքան շատ ավելի հզոր աշխարհաքաղաքական խաղացողներին: Այսօր, երբ Թուրքիայի և Սիրիայի շուրջ պրոցեսներ են ընթանում, ՀՅԴ-ն պետք է լինի Հայաստանում խաղի մեջ: Եթե հետևեք նաև ռուսական լրատվամիջոցներին՝ ինչպիսի հռետորաբանություն կա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ապա կհամոզվեք այս ասածիս մեջ»,- նշեց Կ. Քոչարյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն էլ նկատեց, որ յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցության պետք է հասնել իշխանության, ու ըստ նրա՝ պետք չէ մեղադրել ՀՅԴ-ին, որ «սխալ և անպարկեշտ» քայլ են արել:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն մի քանի հարց լուծեց. «Առաջինը լուծեց ապագա սահմանադրորեն բարեփոխված ընտրությունների հարցը, որ ինքը միայնակ չի գնալու ընտրությունների, և փաստորեն հնարավոր է՝ ԱԺ-ում կազմվի կոալիցիա, և արդեն այդ կայուն մեծամասնության հարցն ավտոմատ կերպով լուծվում է, երկրորդը՝ աշխարհաքաղաքական պրոցեսներ են տեղի ունենում, և հաշվի առնելով նաև ԱՄՆ-Ռուսաստան վատ հարաբերությունները, իսկ Հայաստանը հիմա խաղում է Ռուսաստանի դաշտում, լինելու է այն, որ ինքն օգտագործելով իր ԱՄՆ-ի լծակները, փորձելու է ոչ հայանպաստ որևէ գործողության դեմն առնել:

Կարդացեք նաև

ՀՅԴ-ն իրեն զգում է «ձուկը՝ ջրում» հակաթուրքական հռետորաբանությամբ, ու շատ հարցեր արդեն ՀՀԿ-ն կարող է պաս տալ ՀՅԴ-ին, ու եթե ինչ-որ բան լինի, ուղղակի կասի՝ դաշնակներն են ասում, իրենք հակաթուրքական են: Այսինքն՝ իշխանությունն իրեն մանյովրելու տեղ է թողնում»:

Կ. Քոչարյանի խոսքով էլ՝ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված՝ պետք է զարգացնել նաև սփյուռքը. «Իսկ հայտնի է, որ համար մեկ կամուրջը սփյուռքի հետ ՀՅԴ-ն է: Մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների հետ կապված, կարծում եմ, ՀՅԴ-ն շատ մեծ անելիքներ ունի, կանի՞, թե՞ ոչ, այլ խնդիր է: Նախկինում էլ է ՀՅԴ-ն եղել կոալիցիայում, բայց այն ժամանակ նա ասում էր, իրենք իրենց մասով են պատասխանատու: Հիմա պատրաստ կլինի՞ ՀՅԴ-ին ՀՀԿ-ի հետ կիսել ամբողջ պատասխանատվությունը»: Մեր այն դիտարկմանը, թե ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարեց, որ պատրաստ են ամբողջ պատասխանատվությունը կիսել ՀՀԿ-ի հետ, Կ. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Սա մի փոքր փոխում է իրավիճակը, թեև քաղաքականությունն այնպիսի բան է, որ մենք բոլորս էլ տեսել ենք, որ ընդամենը մի քանի ամսից հետո մարդը կարող է հրաժարվել իր ասածներից»:

Տեսանյութեր

Լրահոս