ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց շարքերում եռապատկել են ահաբեկիչ երեխաների թիվը
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը 2014 թվականից եռապատկել է իր շարքերում ահաբեկիչ երեխաների թիվը: Այս մասին ասվում է Ջորջիա համալսարանի հետազոտության մեջ, հայտնում է BBC News-ը:
Ծայրահեղականները հայտնել են, որ 2015թ. հունվարից մարտի դաշտում սպանվել է 8-18 տարեկան 89 երեխա ու դեռահաս:
Նրանց 39 տոկոսը եղել է մահապարտ՝ զոհվել է ականապատ մեքենաներում, ևս 33 տոկոսը սպանվել է մարտի դաշտում:
«Ամենայն հավանականությամբ, ավելի շատ են սպանվել: Սա միայն նրանք են, որոնց մասին հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալները»,- պատմել է հետազոտության հեղինակներից Չառլի Ուինթերը:
Զեկույցում ասվում է, որ արմատականների կողմից օգտագործվող երեխաների մեծ մասը սիրիացի է, սակայն նրանց հետ միասին կռվում են Սաուդյան Արաբիայի, Թունիսի, Եմենի, Լիբիայի, Նիգերիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ավստրալիայի դեռահասներ:
ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղադրել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են պատանդների նկատմամբ հաշվեհարդար տեսնում նաև երեխաները:
Այսպես, փետրվարի 5-ին հրապարակվել էր տեսագրություն, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է 10-ամյա տղան կտրում պատանդ տղամարդու կոկորդը: