Բաժիններ՝

ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերի խառը սկզբունքով համալրման խնդիրները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ փետրվարի 19-ին, անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերը ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով, սպաներով ու ենթասպաներով համալրելու աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմաքաղաքական առկա իրավիճակի պայմաններում կարեւորել է խառը սկզբունքով զինված ուժերի համալրման եւ մասնավորապես պրոֆեսիոնալ կազմի ներկայությունն ընդլայնելու գործընթացի շարունակականությունը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ նոր, առավել թիրախային ու արդյունավետ ծրագրերի մշակումը՝ զինված ուժերի առջեւ դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:

Քննարկման ընթացքում զինված ուժերը պայմանագրային կազմով համալրելու, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական եւ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ արտերկրում ռազմական կադրերի, զորամասերում կրտսեր հրամանատարների եւ մասնագետների պատրաստման ընթացքի, կազմակերպչական հաստիքային աշխատանքների, դրանց հետ կապված խնդիրների եւ առաջարկվող լուծումների վերաբերյալ զեկույցներ եւ պարզաբանումներ են ներկայացրել ՊՆ, ԶՈՒ, ԶՈւ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Ծավալուն անդրադարձ է կատարվել զինվորական ծառայության գրավչության ապահովման արդի տարրերին, պայմանագրային զինծառայողների պատրաստման եւ ուսուցման, նրանց աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական նոր երաշխիքների ապահովման հարցերին, որոնց կապակցությամբ Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս