Պենտագոնը հաստատել է Լիբիայում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով ԴԱԻՇ-ի զինյալների սպանության փաստը
ԱՄՆ պաշտպանության նախարարության աֆրիկյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Չիդլը հաստատել է տեղեկությունը, թե ԱՄՆ զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Լիբիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ավիահարվածների նպատակներից մեկը եղել է Նուրեդդին Չոուչանը, որը կասկածվում է անցած տարի Թունիսում ահաբեկչությունների կազմակերպման մեջ:
«Ներկայում մենք գնահատում ենք աշխատանքի արդյունքները: Հավելյալ տեղեկություն ավելի ուշ կտրամադրվի՝ հարկ եղած դեպքում»,- ասել է նա:
Ավելի վաղ NYT-ը, հղում կատարելով ռազմական աղբյուրին, հայտնել է, ավիահարվածը հասցվել է Սաբրատա քաղաքի մոտ գտնվող ճամբարին: Ըստ աղբյուրի՝ սպանվել է 30 մարդ, որոնցից շատերը ենթադրաբար եղել են Թունիսից:
Ավելի վաղ Reuters-ը, հղում կատարելով քաղաքի քաղաքապետին, հայտնել էր, թե անհայտ ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբիայի հյուսիսում գտնվող Սաբրատա քաղաքին: