Բաժիններ՝

Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացրել

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային տաքսիներից մեկում պայուսակից դրամապանակի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015 թվականի նոյեմբերի 24-ի առավոտյան առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային տաքսիով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից հափշտակել է նրա դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար, քաղաքացու սոցիալական քարտը, բանկային քարտը՝ գաղտնաբառով, որից նույն օրը կատարվել է կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի վնաս:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի մոտ տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որում երևում է տուժածի՝ գողացված քարտով գումարի կանխիկացման գործարք կատարած անձը:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս