
17 տարի է՝ ամուսնացած եմ, ամուսինս չի կամենում եկեղեցով ամուսնանալ…

– Արդեն 17 տարի է, ինչ ամուսնացած եմ: Ամուսինս չի կամենում եկեղեցով ամուսնանալ: Արդյո՞ք այդ հանգամանքը կխանգարի ընտանիքիս:
– Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ շատ քրիստոնյա կանայք այսօր բազում խնդիրների առաջ են կանգնել իրենց ամուսինների անհավատության կամ թերահավատության պատճառով:
Դուք լավ գիտեք, որ ցանկացած մարդու դժվար է պարտադրել փոխել իր համոզմունքները, սկզբունքները: Դուք միակը չեք: Շատ կանայք այսօր կամենում են Աստծո առաջ իրենց ամուսնությունը վավերացնել, սակայն նրանց ամուսինները հրաժարվում են: Շատ անգամ այնքան է այդ հարցը բարձրացվել, որ ամուսինների մոտ հակառակություն է առաջանում: Հետևաբար խորհուրդ է տրվում այլևս այդ մասին չխոսել: Աստված մեզ սովորեցնում է աղոթել մեր բոլոր խնդիրների, ցանկությունների, դժվարությունների համար: Հավատով բերեք այս հարցը Աստծո առաջ և համբերությամբ սպասեք, քանի որ ժամանակներն Աստծունն են: Միաժամանակ հնազանդությամբ և սիրով նվիրվեք ձեր ամուսնուն, և չենք կարծում, որ այդպիսի կնոջը որևէ տղամարդ կմերժի որևէ հարցում:
Աղոթաբար` Անդրանիկ սարկավագ Մարկոսյան
qahana.am