Մահացած ծննդկանի գործով գրություն՝ Առողջապահության նախարարություն
Բժշկական կենտրոնում մահացած Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել էր պարզել գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի մոտ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը: Փաստաբան Մարինե Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ակնկալում էր, որ այդ հանգամանքի ճշտման ուղղությամբ գործողություններ կկատարվեն: Նա նշեց, որ պատասխան չի ստացել, սակայն տեղյակ է, որ Առողջապահության նախարարություն գրություն կուղարկվի կամ ուղարկվել է:
Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հրապարակել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին ուղղված բողոք, որով շուրջ 250 հիվանդներ և հղի կանայք արտահայտել են իրենց վրդովմունքը, «քանի որ ստեղծված խառնաշփոթի, իրավապահ մարմինների ոչ օբյեկտիվ վերաբերմունքի և ակնհայտ անմարդկային գործելաոճի պատճառով առաջացել է շատ լուրջ տագնապ, որը բերել է հղիների հոգեկան ապրումների»:
Բողոքում նրանք հավաստիացրել էին, թե բժշկուհուն ապօրինի պատժել չեն թույլատրելու, կոչ էին արել Մ. Մարգարյանի գործը քննել օբյեկտիվ և պատժել իրական մեղավորներին, եթե այդպիսիք կան: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը վկայակոչել էր ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013թ. նոյեմբերի 28-ի՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին N 77-Ն հրամանը. այն սահմանում է, որ «Երևան քաղաքի տարածքում գործող բժշկական կազմակերպություններում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, համատեղության կարգով, կանանց կոնսուլտացիայում հղիության նախածննդյան հսկողության իրականացման դեպքում, վերջիններիս կողմից միաժամանակ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը կազմում է 30, իսկ առավելագույնը՝ 40»: