Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխող՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին կուսակցության մամլո ծառայությունից հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Շուրջ 10 տարվա կենսագրություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը: Այն ընդունվեց համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, որով արցախահայությունը հիմնական օրենքի տեսքով, կամաարտահայտությամբ ընդհանրացրեց, ամրագրեց իր ինքնորոշման, անկախ պետականության կերտման անօտարելի իրավունքը, հստակեցրեց պետական իշխանության քաղաքական կազմակերպման ողջ սպեկտրը:
Ինչպես ամեն մի օրենք, Սահմանադրությունը ևս քարացած, ավարտուն տեսքի բերված, անփոփոխելի իրավական ակտ չէ: Հասարակական հարաբերությունների հետզհետե զարգացումներն ու փոխակերպումները, ժամանակի մարտահրավերներին դիմակայելն ու ընթացքային հիմնախնդիրների օպերատիվ լուծումները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ դրանց անկաշկանդ առաջընթացին խոչընդոտում են թե օրենքները, թե Սահմանադրությունը:
Մեր դիտարկմամբ, այս տարիներին հանրային տրամադրություններն ու հասարակական կարծիքը, դրանցով եւ պայմանավորված ԼՂՀ-ում գործող քաղաքական կուսակցությունների ու արտախորհրդարանական ուժերի տրամադրվածություններն ուղղորդվել են դեպի այն գիտակցումը, որ հասունացել է պետական իշխանությունն առավել արդյունավետորեն կառավարելու, ինքնակազմակերպվելու համար ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն:
Մասնավորապես, երկրի կառավարման գործում քաղաքական կուսակցությունների դերի բարձրացումը, տեղական ինքնակառավարման մարմիններին առավել ինքնավարություն ապահովելը, քաղաքացիական հասարակության լիակատար ձեւավորումը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ այլն դարձել են հրամայական պահանջ:
Քննարկելով օրակարգային այս հարցը` «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահության նիստում որոշում կայացվեց դիմել մեր ժողովրդին՝ ակտիվորեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին»:
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 18-ին, մամուլին տված հարցազրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցության նախագահությունը նիստ կհրավիրի:
Կայքը հիշեցնում է, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փետրվարի 4-ին խորհրդարանական ուժերի միջև խորհրդատվություններ են սկսվել, որը բաց է Արցախի մյուս կուսակցությունների համար: