Լեհաստանի նախկին նախագահը կասկածվում է կոմունիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան կասկածվում է Լեհաստանի ժողովրդական հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:
Մասնավորապես, Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը հայտնել է փաստաթղթերի առկայության մասին, որոնք վկայում են այն մասին, որ Լեհաստանի նախկին նախագահը կարող էր համագործակցել կոմունիստական ռեժիմի հատուկ ծառայությունների հետ:
Փաստաթղթերը վաճառել է գեներալ Չեսլավ Կիշչակի այրին, որը եղել է գերենալ Վոյցեխ Յարուզելսկու մերձավորներից մեկը, ով գլխավորել է Լեհաստանի ժողովրդական հանրապետությունը 1980-ականներին, գրում է DW-ն:
Խոսքն անձնական թղթապանակի մասին է, որը ունի 90 էջ, դրանում կա նաև ծրար, որտեղ ձեռագիր գրված է Անվտանգության ծառայությունների հետ համագործակցելու մասին՝ «Լեխ Վալենսա-Բոլեկ» ստորագրությամբ: Նշվում է, որ գումարի ստացականներում ևս ստորագրություն կա «Բոլեկ» կեղծանվամբ:
Ընդհանուր՝ գաղտնի աշխատակցի աշխատանքի մասին թղթապանակում կա 279 էջ, որտեղ կան Բոլեկ անունով գաղտնի գործակալի զեկուցումները ու Անվտանգության ծառայությունների աշխատակցի հետ նրա հանդիպումների մասին գրառումներ: Փաստաթղթերն ընդգրկում են 1970-1976թթ.:
Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Լուկաշ Կամինսկին արդեն հաստատել է, որ այդ փաստաթղթերը կեղծ չեն:
Լեխ Վալենսան, սակայն, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները:
«Գոյություն չունի իմ ստորագրությամբ ոչ մի փաստաթուղթ: Ես դատարանում դա կապացուցեմ»,- նրա խոսքերը մեջբերել է «Լեհաստանի ռադիոն»: