Կրեմլը մեղադրում է Բաշար Ասադին Սիրիայի զինադադարը խափանելու փորձի մեջ. Reuters
Կրեմլը կշտամբում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «հակամարտությունը կարգավորելու ՌԴ դիվանագիտական ջանքերը» խափանելու մեջ: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուկինին:
«Դա անձամբ իմ գնահատականն է, ես հեռուստացույցով լսել եմ նախագահ Ասադի հայտարարությունը: Այն, իհարկե, հակասում է այն դիվանագիտական ջանքերին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը»,- ասել է Չուկինը:
Նա հիշեցրել է Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի վերջին պայմանավորվածությունները: «Այնտեղ խոսքը գնում է տեսանելի հեռանկարում կրակի դադարեցման, ռազմական գործողությունների կասեցման մասին: Հիմա դրա վրա աշխատանք է կատարվում: Ռուսաստանը շատ լրջորեն ներքաշվել է այդ ճգնաժամի մեջ՝ քաղաքականապես, դիվանագիտորեն, հիմա նաև՝ ռազմական պլանում: Այդ իսկ պատճառով, իհարկե, կցանկանային, որ Բաշար Ասադը նույնպես դրան արձագանքեր»,- ասել է Չուրկինը:
Արևմուտքի առաջնորդները հուսով էին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ասադի վրա ունեցած իր ազդեցությունը ու կնպաստի սիրիական իշխանությունների ու ապստամբների խաղաղ բանակցություններին, սակայն, ըստ Reuters-ի տվյալների, Ասադը հրաժարվել է բանակցություններ վարել ապստամբ խմբերի ղեկավարների հետ, որոնց առաջարկել է Կրեմլը:
Չուրկինը կարծիք է հայտնել, որ Ասադին հարկավոր չէ կրակի դադարեցում, այլ հարկավոր է երկրի նկատմամբ լիարժեք վերահսկողության սահմանում: