Ցուկերբերգն արձագանքել է Քանյե Ուեսթի՝ 1 միլիարդ դոլարի մասին խնդրանքին
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը վերջերս Քանյե Ուեսթից ստացել էր 1 միլիարդ դոլարի ներդրումներ անելու խնդրանք, արձագանքել է ռեփերի գաղափարին, հայտնում է Complex-ը: Ճիշտ է, Ցուկերբերգը զերծ է մնացել հայտարարություններից՝ իր վերաբերմունքը արտահայտելով բավական զուսպ:
Հաղորդվում է, որ Ցուկերբերգը like է դրել իր ընկերության նախկին ինժեներ Սթիվեն Գրիմի գրառմանը, որը հետևյալ բովանդակությունն ուներ. «Թանկագին Քանյե Ուեսթ, եթե դու Facebook-ի ղեկավարից 1 միլիարդ դոլար ես խնդրում, գուցե, չարժեր դա անել Twitter-ի միջոցով»:
Ավելի ուշ Ցուկերբերգը որոշել է «ջնջել» like-ը, սակայն սքինշոթերն արագ տարածվել են ԶԼՄ-ներով:
Ինչպես հայտնի է, ամերիկացի ռեփերը Twitter-ի միջոցով դիմել է Ցուկերբերգին՝ 1 մլրդ դոլար խնդրելով սեփական գաղափարները կյանքի կոչելու համար: Ուեսթը խնդրել է իր երկրպագուներին իր խնդրանքը հասցնել Ցուկերբերգին: «Մարկ Ցուկերբերգ, խնդրում եմ, 1 միլիարդ դոլարի ներդրում արա Քանյե Ուեսթի գաղափարներում»,- գրել է ռեփերը:
Հայտնի է նաև, որ վերջին օրերին Քանյեն բազմիցս դիմել է Ցուկերբերգին նույն խնդրանքով:
«Խնդրում եմ, ռեթվիթ արեք, օգտագործեք FaceTime, Facebook, Instagram, այն ամենը, ինչ ձեռքի տակ ունեք, որպեսզի համոզեք Մարկին ինձ աջակցել»,- հավելել է ռեփերը: Նա նաև հրապարակավ խոստովանել է, որ բանկերին պարտք է 53 մլն դոլար: «Ես գիտեմ, որ կարող եմ աշխարհ ավելի լավը դարձնել: Ես արել եմ անհնարինը՝ ես նորից նվաճեցի ռեփի գահը ու հաղթեցի նորաձևության խաղում»,- գրել է Քանյեն համացանցում: