«Չի կարելի մի խնդիրը լուծել մեկ այլ խնդիր ստեղծելու ճանապարհով». Հրայր Թովմասյան

Ամենայն հավանականությամբ, մարտի առաջին շաբաթվա ընթացքում կհրապարակվի Ընտրական օրենսգրքի որոշակի նախագիծ: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ով ևս ընդգրկված է Ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում:

Դիտարկմանը, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված հիմնական առաջարկն ընտրացուցակների հրապարակումն է, Հրայր Թովմասյանն արձագանքեց, թե այն երկրներում, որոնց վերաբերյալ օրինակներ են բերվում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, ոմանց պատկերացրած հրապարակայնությունը չէ:

«Ստորագրված ցուցակները կարող են մատչելի լինել այն մարդկանց, որոնք հիմնավորում են, որ դրա նկատմամբ շահագրգռվածություն ունեն և առանց դրանցից լուսապատճեններ անելու՝ կարող են դրան ծանոթանալ և դրանցից քաղվածքներ անել: Մոտավորապես նմանատիպ կառուցակարգ գոյություն ունի նաև մեր օրենսդրության մեջ, երբ վերահաշվարկի ընթացքում վստահված անձինք, թեկնածուներն այդ կարգով կարող են ծանոթանալ այդ ցուցակներին: Խնդրի լուծումը ես այլ տեղ եմ տեսնում: Ինչպե՞ս անել, որ ընդհանրապես բացառվեն այդ հնարավորությունները, որովհետև, երբ նայում ես հիմնավորումները, թե ինչով է պայմանավորված, որ այդ երկրները քվեարկության մասնակցությունն էլ են դիտարկում գաղտնիության տեսանկյունից, տեսնում ես, որ բավական հիմնավոր է: Եվ չի կարելի մի խնդիրը լուծել մեկ այլ խնդիր ստեղծելու ճանապարհով: Ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծման ճանապարհը պետք է լինի՝ անկախ այն հանգամանքից՝ էլեկտրոնային համակարգը կտեղադրվի՞ բոլոր երեք փուլերում, թե՞ ոչ, ընտրողների իդենտիֆիկացիան, այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, պետք է կատարվի էլեկտրոնային եղանակով, որը կբացառի կրկնակի քվեարկությունները, այլ անձանց փոխարեն քվեարկությունը, մի քանի անգամ տարբեր տեղամասերում քվեարկությունը»: Հրայր Թովմասյանը չբացառեց, որ ստորագրված ցուցակների մատչելիության, հասանելիության աստիճանը կարող է որոշակիորեն մեծանալ:

Հրայր Թովմասյանը, միևնույն ժամանակ, նշեց, որ այս ժամանակահատվածում իր անձնական կարծիքը փոխվել է. «Ես ի սկզբանե կողմ եմ եղել, որ դրանք հրապարակվեն, բայց երբ առավել խորությամբ ես վերլուծում, թե ինչով էր պայմանավորված և ինչով է պայմանավորված, որ հենց միջազգային կառույցները պնդում են, որ դրանք չհրապարակվեն, դրանք որոշակի հիմնավորումներ ունեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս