Toyota-ն գրեթե 3 մլն ավտոմոբիլ է հետ կանչում անվտանգության գոտիների պատճառով
Toyota ընկերությունը հայտարարել է 2,87 միլիոն ավտոմոբիլների հետկանչման մասին՝ անվտանգության գոտիների խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Հետկանչի են ենթակա 2005-2014 մոդելային տարիների RAV4 քրոսովերները, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ 2005-2016 մոդելային տարիների Vanguard շարքի ավտոմոբիլները, որոնք վաճառվել են Ճապոնիայի տարածքում: Հետկանչի ենթակա ավտոմոբիլների թվում 1,1 միլիոնը վաճառվել են ԱՄՆ-ի տարածքում, եւս 625 հազարը՝ Եվրոպայում, 434 հազարը՝ Չինաստանում, 177 հազարը՝ Ճապոնիայում, եւս 307 հազար ավտոմոբիլ վաճառվել է այլ երկրներում:
Հետկանչվող ավտոմոբիլներում խնդիրն այն է, որ անվտանգության գոտիները կարող են վթարի դեպքում վնասվել նստոցի մետաղե կարկասից, ինչը կարող է հանգեցնել ուղեւորների լուրջ վնասվածքների:
Ընկերությունը հայտարարել է, որ բոլոր անսարքությունները կվերացվեն անվճար: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: