Իրանն ու Հայաստանը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքից դուրս գազային բանակցություններ չե՞ն վարում
«Հայաստանն ու ԻԻՀ-ն շարունակում են համագործակցությունը «Իրան-Հայաստան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք գործող համաձայնագրից դուրս բանակցություններ Հայաստանն ու Իրանը վարում են ՀՀ մատակարարվող գազի ծավալների մեծացման ուղղությամբ՝ ըստ ՀՀ կարիքների, պատասխանեց, որ այն համաձայնագիրը, որն ունեն Իրանն ու Հայաստանը՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց», շարունակվելու է:
«Կփորձենք այդ համագործակցության շրջանակում ընդլայնել Իրանի ու Հայաստանի միջև համագործակցությունը: Այս պահի դրությամբ՝ համագործակցում ենք այն համաձայնագրի շրջանակում, որը կնքվել է երկու երկրների միջև: Անշուշտ, եթե ապագայում որոշումներ կայացվեն՝ այդ մասին ձեզ կտեղեկացնենք»,- ասաց դեսպանը: Հիշեցնենք, որ վերջերս Իրանի Գազի ազգային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին խոսելով հայ-իրանական էներգետիկ համագործակցության մասին՝ հայտարարել էր. «Ըստ համատեղ համաձայնության՝ հնարավորություն կա գազի ծավալները հինգ անգամ ավելացնելու վերաբերյալ»:
Անդրադառնալով պատժամիջոցների չեղարկումից հետո ՀՀ-Իրան հարաբերություններում առկա հնարավորություններին` դեսպանն ասաց, որ Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են, և տնտեսական հարաբերություններում որևիցե սահմանափակում չկա:
«Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում ակտիվացել են փոխադարձ այցերը երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, ապագայում ականատեսը կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը: Կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից»,- նման տեսակետ հայտնեց դեսպանը:
Ինչ վերաբերում է քաղաքական համագործակցությանը, նա նշեց, որ անգամ պատժամիջոցների ժամանակ երկու երկրները շատ լավ հարաբերություններ են ունեցել: Իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո, նրա խոսքով, այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:
«Իրանն ու Հայաստանն ամենածանր պայմաններում ու վիճակներում միմյանց օգնել են, և այդ համագործակցությունը, վերաբերմունքը կշարունակվի»,- նկատեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: