Եվրոպական ներդրողներին ոգևորել են ֆրանսիական Credit Agricole խմբի ֆինանսական ցուցանիշները
Եվրոպական մի շարք խոշոր ընկերություններ հրապարակել են 2015 թվականն ամփոփող ֆինանսական հաշվետվություններ, որոնց ընդհանուր ֆոնի վրա եվրոպական բորսաներում գրանցվել է դրական միտում: Ներդրողներին ոգևորել են առաջատար ընկերությունների լավ արդյունքները:
Այսպես, եվրոպական ներդրողների կողմից բավականին լավ է ընդունվել, մասնավորապես, ֆրանսիական Credit Agricole Group ֆինանսական խմբի հաշվետվությունը: Ըստ ներկայացված տվյալների՝ 2015 թվականի արդյունքներով խումբն ապահովել է 6.43 մլրդ եվրոյի զուտ շահույթ: 2014 թվականի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 21%-ով:
Միևնույն ժամանակ, ֆինանսական խումբն ապահովել է 8.97 մլրդ եվրոյի գործառնական շահույթը, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 10%-ով, իսկ համախառն հասույթը աճել է 5%-ով և կազմել 31.83 մլրդ եվրո: Արդյունքում, մեկ առևտրային շրջանի արդյունքներով ընկերության արժեթղթերի գները բարձրացել են 5%-ով:
Հիշեցնենք, որ Credit Agricole բանկը Ֆրանսիայի խոշորագույն բանկերից մեկն է։ Բանկը կազմավորվել է գյուղատնտեսության վարկավորմամբ զբաղվող ֆրանսիական բազմաթիվ կազմակերպությունների միաձուլման արդյունքում։ Բանկի աշխատակիցների թիվը հասնում է 85 հազարի։ Credit Agricole բանկը ներկայացված է նաև Հայաստանի բանկային ոլորտում, բանկը հանդիսանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բաժնետեր։