Լևոն Զուրաբյանն ընդդիմադիրներին առաջարկում է պահանջների միասնական պլատֆորմ ստեղծել

«Մենք կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին՝ մեր գործընկերներին՝ ԱԺ խմբակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, հ/կ-ներին, լրատվամիջոցներին, մեր ամբողջ հասարակությանը՝ կենտրոնանալ ամենակարևոր խնդրի իրագրործման վրա, դա այն է, որ մենք կարողանանք ստեղծել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների միասնական պահանջների պլատֆորմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ կարող է լինել մեր քաղաքական կյանքում՝ կոալիցիաներ, նախարարների նշանակումներ, հրաժարականներ, բայց երկրի խնդիրները երբեք չեն լուծվի. «Ինչքան էլ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամուսնանան ու բաժանվեն, ինչքան էլ ծրագրեր ներկայացնեն հասարակությանը, ոչ մի բան չի փոխվելու, եթե չփոխվի այս գլխավոր չարիքը: Հայաստանն ի վիճակի չէ ազատ և արդար ընտրություններով ձևավորել իշխանությունը: Դա միակ բանալին է խնդիրների լուծման, պետք է գիտակցենք, որ այսօր ստեղծվել է շատ բացառիկ մի հնարավորություն՝ այդ ուղղությամբ թռիչքաձև բեկում կատարելու: Բանն այն է, որ հանրաքվեի անցկացումը, չնայած ևս մեկ անգամ կեղծվեց ժողովրդի կամքը, բայց հենց շնորհիվ նրա, որ ժողովուրդը գնացել է՝ «ոչ» է ասել, ստեղծել է մի իրավիճակ արտաքին և ներքին քաղաքական առումով, որը մեզ թույլ է տալիս խաղի նոր կանոններ պարտադրել այս ռեժիմին»:

Լ. Զուրաբյանի խոսքով՝ կա մի նորություն, որ հասարակության մեջ ստեղծվել է համընդհանուր անհանդուրժողական մթնոլորտ, նաև առաջին անգամ միջազգային հանրությունը փորձելու է իրենց օգնել. «Եթե մեր հասարակությունը փորձի ստեղծել այդ միասնական պլատֆորմը, միջազգային դեմոկրատական աջակցության հետ բացվել է հնարավորություն, որ մենք կարող ենք հասնել զիջումների, իշխանությունը ստիպված է լինելու զիջել, երբ տեսնի այդ ճնշումների կոնսոլիդացիան: Գիտենք, որ ՀՀ-ում այդ ցուցակների հրապարակման օրենքը դեռ սովետական ժամանակներից գործել է մինչև 2003 թվականը: Մեկը դրա դեմ չի բողոքել, այն ժամանակվա իշխանություններն այդ երաշխիքը հանեցին, որ կարողանան ավելի լավ կեղծել: Երեկ էլ Հրայր Թովմասյանն ասել էր՝ «աշխարհը սահմանել է, որ ընտրացուցակները չի կարելի հրապարակել, մենք էլ ենք հետևել դրան»: Դա սուտ է, ու շատ վատ է, որ իրեն իրավաբան հորջորջող մարդը նման հայտարարություն է անում մեր հասարակության առաջ: Իրականությունն այն է, որ այս մեր պահանջը, որին միջազգային հանրությունը չէր աջակցում, հիմա ստանում է լեգիտիմություն»:

ՀԱԿ ղեկավարի գնահատմամբ՝ արդեն նկատվում է, որ այս գործընթացը գնում է, տարբեր խմբակցություններ նույնպես իրենց մոտեցումներն ունեն ու արտահայտվել են. «Մնում է մի քայլ անել՝ ստեղծել պահանջների միասնական պլատֆորմ: Հայաստանի ընտրակեղծարարությունը չեն ուզում հանդուրժել այլևս ո՛չ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակությունը, ո՛չ էլ միջազգային հանրությունը»:

Կարդացեք նաև

Նա տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության հետ արդեն խոսակցություն եղել է, ունեն նրանց կատարյալ աջակցությունը. «Հարցը նաև քննարկվել է ՕԵԿ-ի խմբակցության ղեկավարի հետ, քննարկվել է նաև ԲՀԿ-ի ղեկավարի հետ, մեծ հաշվով, մենք տեսնում ենք, որ բարենպաստ է վիճակը նման խնդրի իրագործման համար: ՀՅԴ-ից արդեն լավ բան չենք սպասում, բայց եթե նրանք պատրաստ են միանալ, թող միանան»:

Տեսանյութեր

Լրահոս