Սպառողների վստահության ցուցանիշն աճել է
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող՝ Սպառողների վստահության ցուցանիշն աճել է` նախորդ եռամսյակի նկատմամբ 0.9 տոկոսային կետով: Ընդ որում, աճը պայմանավորվել է ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա պայմանները գնահատող ցուցանիշների աճերով:
Ընթացիկ պայմանները գնահատող ցուցանիշի աճը պայմանավորվել է ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի, ինչպես նաև տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փաստացի փոփոխությունը նկարագրող ցուցանիշների` նախորդ եռամսյակի նկատմամբ արձանագրված աճերով: Ապագա պայմանները նկարագրող ցուցանիշի աճն, իր հերթին, պայմանավորվել է տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի և զբաղվածության փոփոխության սպասումները գնահատող ցուցանիշների աճերով:
2015թ. դեկտեմբերին իրականացվել է տնային տնտեսությունների հարցում, որի հիմնական նպատակն է գնահատել սպառողների վերաբերմունքը տնտեսության ընթացիկ և ապագա պայմանների վերաբերյալ: Հարցման արդյունքների հիման վրա հաշվարկվում է սպառողների վստահության ցուցանիշն իր ընթացիկ և ապագա պայմանները գնահատող ցուցանիշներով:
Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) դիֆուզիոն ինդեքս է, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս` հաշվարկված որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն: Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որն իրենից ներկայացնում է դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար:
Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ-ի հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են: Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցվողները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ, իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք: 2015թ. չորրորդ եռամսյակի հարցմանը մասնակցել է 1801 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից (համապատասխանաբար 968 և 833 տնային տնտեսություն):
Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: ՍՎՑ-ն հաշվարկելիս յուրաքանչյուր մարզի համար հաշվարկված ցուցանիշները հարթեցվել են սեզոնայնորեն և կշռվել տվյալ մարզի քաղաքային բնակաչության թվաքանակի կշիռներով, ինչը հնարավորություն է տալիս ստանալ ՍՎՑ-ի ներկայացուցչական արժեք հանրապետության ողջ քաղաքային բնակչության համար: Սեզոնային հարթեցման արդյունքում տվյալների շարքը յուրաքանչյուր եռամսյակ վերանայվում է` հարթեցման մեթոդին համապատասխան: