«Իմ գործում դեռևս շարունակվում է հովանավորչությունն ու կոռուպցիան». Սփյուռքահայ գործարար
Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, թե հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: «Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև՝ արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները»,- ասել է Ս.Սարգսյանը:
168.am-ը սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանից հետաքրքրվեց՝ արդյոք ներդրողների համար ՀՀ-ում կա՞ն նպաստավոր պայմաններ:
«Ցավով պետք է հայտնեմ, որ Հայաստանում դեռևս լիարժեք չի գործում, հենց իմ գործում դեռևս շարունակվում է հովանավորչությունն ու կոռուպցիան։ Տեսնում եմ դրական փոփոխություններ քաղաքում, բայց հստակ ու լիարժեք փոփոխություններ իրավական համակարգում շատ քիչ են նկատելի»,- ասաց Է. Խուդյանը։
Ըստ նրա՝ եթե իրավական համակարգը լիարժեք չգործի, ոչ մի սահմանադրական փոփոխություն կամ տնտեսություն չի բարելավվի. «Համենայն դեպս, կարծում եմ, նախագահը, իրոք, աշխատանք է տանում Հայաստանում բարեփոխումներ անելու, և որոշ առումով դրանք նկատելի են, բայց ոչ լիարժեք»։