Բաժիններ՝

Խելացի հագուստ. 5 նորարարական լուծում հագուստի համար

Խելացի ժամացույցներ, հեռախոսներ, զանազան սարքավորումներ, որոնք ստեղծված են մեր կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար: Տեխնոլոգիաները զարգանում են՝ շարունակ մեր կյանք ներմուծելով նորանոր ու անհավատալի  գաղափարներ:  Այս անգամ ձեզ ենք ներկայացնում խելացի հագուստի  խելահեղ 5 գաղափարներ, որոնք հստակ քայլերով գրավում են շուկան:

1. Սենսորային հագուստ

Պատկերացրեք, որ կրում եք հագուստ, որն ունի սենսորային կառավարում: Գուցե ասեք, որ  նման բան միայն ֆիլմերում է հնարավոր, բայց  շտապենք տեղեկացնել, որ խելացի հագուստն  արդեն իրականություն է:

Jacquard-ը մշակել է նախագիծ, որը կտորի մեջ կարողանում է ներդնել սենսորային կառավարման համար նախատեսված տեխնոլոգիաներ: Այս նախագիծը հովանավորում է Google ընկերությունը:

Կարդացեք նաև

Նախագծի հեղինակները մշակել են կտորի նոր տեսակ, որը կարող է իր մեջ ներդնել սենսորային համակարգ:  Կտորը շատ նման է  T-աձև շապիկների համար նախատեսված կտորին: Կառավարման համար նախատեսված սարքերն այնքան փոքր են, որ անհարմարավետության զգացում չեն առաջացնի:

Հատուկ մշակված ալգորիթմների շնորհիվ՝ հագուստը կարող է հասկանալ և մշակել ցանկացած բարդության ժեստեր:

Jacquard-ը թույլ է տվել դիզայներներին և նախագծի հեղինակներին ներառել սենսորային կտորն իրենց առաջարկած ապրանքների շարքում: Մնում է սպասել, թե երբ նախագիծն ամբողջությամբ կմշակվի և կներկայացվի հանրության դատին:

2. Մտքի ուժով կառավարվող աքսեսուարներ

Project Soli-ը նախագիծ է, որը մշակել է միանգամայն նոր միջոց. այն թույլ կտա առանց ֆիզիկական շփման՝ փոխազդել տարբեր սարքավորումների հետ:

Պատկերացրեք, որ ձեր սմարտֆոնն ունի հատուկ հնարավորություն, որի միջոցով կարող եք ձեռքի ցանկացած ժեստով իրականացնել որևէ գործողություն: Օրինակ, կարող եք միացնել երաժշտությունը մատների մեկ շարժումով:

Աներևակայելի այս նախագիծն այժմ մշակման փուլում է: Soli ընկերությունը մշակում է սենսորային նոր համակարգ, որը թույլ կտա առանց շփման կատարել գործողություններ: Ըստ նախագծի հեղինակների՝ այս ամենն իրականություն կդառնա առաջիկա 2-3 տարիների ընթացքում:

3. Անփոխարինելի հագուստ մարզիկների համար

Hexoskin նախագիծը թույլ կտա հաշվել ֆիզիկական ցուցանիշները մարզումների ժամանակ, կապահովի քնի կառավարումը և կհետևի առողջական վիճակին առհասարակ: Այս ապրանքանիշի շապիկները Bluetooth-ի միջոցով միանում են սմարտֆոններին և խելացի ժամացույցներին: Շապիկների միջոցով կարելի է հետևել սրտի աշխատանքին, շնչառությանը, անցած քայլերի քանակին, վազքի արագությանը, և այլն:

Բոլոր տեղեկությունները պահպանվում են անվճար շտեմարանում: Այնպես որ, ցանկացած պահի կարող եք հետևել նախկին արդյունքներին:

Ընկերությունն այժմ մշակում է խելացի հագուստի նոր տարատեսակներ, որոնք կօգնեն ոչ միայն սպորտսմեններին:  Շապիկները կարելի է ձեռք բերել ընկերության պաշտոնական կայքում: Գները սկսվում են 169 դոլարից:

4. Խելացի հագուստ ֆիտնեսի համար

Ինչպես տեղեկացնում է Athos ընկերության պաշտոնական կայքը՝ հենց այս ընկերությունն է առաջինը ստեղծել ֆիտնեսի համար խելացի հագուստը:  Մարզվելու ընթացքում միացնելով սարքավորումը ձեր սմարտֆոնին՝ կարող եք տեսնել ձեր մկանային համակարգի աշխատանքը: Օրինակ, կարելի է հետևել, թե մկանային որ համակարգն է ամենալարվածը, կամ որ մկանը պետք է զարգացնել ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Athos-ը թույլ կտա ճիշտ օգտագործել ժամանակը մարզվելիս՝ անգամ առանց մարզչի ներկայության:

Ընկերության պաշտոնական կայքից կարելի է գնել սարքավորման ամբողջական փաթեթը: Գները սկսվում  են  547 դոլարից:

5. Խելացի գուլպաներ վազորդների համար

Sensoria running socks ընկերությունը ֆիտնեսի և վազքի համար առաջարկում է խելացի գուլպաներ:

Նախագծի հեղինակները նշում են, որ վազորդների 65 տոկոսից ավելին վազքի ընթացքում ստանում է վնասվածքներ: Խելացի գուլպաները կօգնեն բարելավել վազքի տեխնիկան:

Նախագծի յուրահատկությունն այն է, որ գուլպաներն ինֆորմացիա են հավաքում ոտքի մասին և վերլուծում իրավիճակը:

Բացի այդ, գուլպաները վազքի ընթացքում կարող են տալ կարևոր տեղեկատվություն վազքի արագության և անցած ճանապարհի մասին: Գուլպաները կարող են հաղորդել նաև սխալ կատարված քայլի մասին տեղեկատվություն և կարևոր խորհուրդներ տալ վազորդին:

Խելացի գուլպաների արժեքը սկսվում է 399 դոլարից:

Նյութը հրապարակման պատրաստեց Սիրարփի Աղաբաբյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս