
Ռուսաստանը պետք է խուսափի Թուրքիայի օդային տիրույթը խախտելուց. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որը այցով գտնվում է Ադրբեջանում, կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային չսրել վիճակը:
Նա հայտնել է, որ առկա լարվածության պատճառը Թուրքիայի օդային տիրույթի բազմիցս խախտման դեպքերն են:
«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը շարունակում են խախտել Թուրքիայի օդային սահմանները: Ու դա հանգեցրել է հայտնի դեպքին: Ես ևս մեկ անգամ կրկնում եմ Թուրքիայի պաշտոնական անձանց ու ՆԱՏՕ-ի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը պետք է խուսափի Թուրքիայի օդային տիրույթը խախտելուց:
Դաշինքի գլխավոր քարտուղարն ու դաշինքի անդամները համաձայն են ռիսկերի կանխարգելման կարևորության ու թափանցիկության հետագա ապահովման անհրաժեշտության հետ: Այնտեղ դիտվում է ռազմական ակտիվություն, որի համար մեծամասամբ պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:
Գլխավոր քարտուղարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ցանկացած բանակցությունների պատրաստակամության մասին, որը նպատակ ունի մեծացնել թափանցիկությունը ու նվազեցնել ռիսկերը: Մինչ օրս մեկ նման առաջընթաց չենք տեսնում»,- հայտարարել է Ապաթուրայը: