ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանն Ազգային ժողովում հանդիպումներ ունեցավ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ընդգծեց, որ պատգամավորների հետ քննարկել են, թե ինչ գոր ծառույթներ պետք է իրականացնի Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրության կարգավորումներից հետո: «Դուք գիտեք, որ հանձաժողովում էլ քննարկվեցին գործառույթների հստակ իրականացման հարցեր և, իհարկե, հայեցակարգային հարցեր՝ ինչ սկզբունքների վրա պետք է լինի և այլն»,- նշեց Թաթոյանը:
Նա կարևորեց խմբակցությունների հետ քննարկումը, քանի որ հիմնական շեշտադրումը դրված է եղել անհատական և կանխարգելիչ գործունեության տեսակները զուգակցելու, կառուցողական աշխատելու սկզբունքների վրա: «Ես դա համարում եմ շատ իրավացի, ես ինքս էլ եմ այդ սկզբունքների կողմնակիցը և շնորհակալ եմ, որ այդ հարցը բարձրացվեց, ևս մեկ անգամ ընդգծվեց»,- ասաց Թաթոյանը:
Նա հավելեց, որ հանդիպումներ է ունենալու նաև մյուս խմբակցությունների հետ՝ նկատելով, որ պայմանավորվածություններ արդեն կան, սակայն հայտնի չէ, թե որ խմբակցության հետ երբ կհանդիպի:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց հնչող տեսակետի հետ, թե ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանը չի կարող անաչառ լինել: «Հայեցակարգային մակարդակով Արման Թաթոյանի մոտեցումները համապատասխանում են մեր պատկերացումներին, և վստահ ենք, որ եթե աջակցությունը նաև խորհրդարանի կողմից լինի, Արման Թաթոյանը կկարողանա իրականացնել այն նաև նոր գործառույթները և լիազորությունները, որ ամրագրված են սահմանադրական փոփոխություններում»,- նշեց Մինասյանը:
Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն ԱԺ լիագումար նիստում կողմ է քվեարկելու ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը: