
Հարստությունը բուրում է տառապանքով ու ցավով. Հռոմի պապը պատարագ է մատուցել Մեքսիկայում

Հռոմի պապը Մեքսիկայի աղքատ արվարձաններից մեկում պատարագ մատուցելիս քննադատել է անարդար ճանապարհով կուտակված հարստությունը, հայտնում է Euronews-ը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ է մատուցել Էկատեպեկում, որը համարվում է Մեքսիկայի մայրաքաղաքի ամենախիտ բնակեցված, միևնույն ժամանակ, ամենաաղքատ ու վտանգավոր շրջաններից մեկը: Նրան լսելու համար հավաքվել էին հարյուր հազարավոր մարդիկ:
«Այդ հարստությունը բուրում է ցավով, տառապանքով: Սա այն հացն է, որով այլասերված հասարակությունը կերակրում է սեփական երեխաներին»,- ասել է Հռոմի պապը:
Հռոմի պապի մեքսիկական այցը սկսվել է ուրբաթ երեկոյան ու տևելու է 5 օր: Ֆրանցիսկոսը մտադիր է այցելել երկրի ամենավատ ապրող ու վտանգավոր շրջանները, այդ թվում՝ Միչոական նահանգ, որը հայտնի է նարկոպատերազմներով ու ԱՄՆ-ի սահմանակից Սյուդադ-Խուարես քաղաք, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը: