Թուրքիայի հրետանին գնդակոծել է Սիրիայում քուրդ զինյալների զորանոցը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Աֆրին քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի զորանոցի ուղղությամբ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով քրդական զորամիավորումներում իր աղբյուրներին:
«Թուրքական հրետանին գնդակոծել է քրդական ինքնապաշտպանական ուժերի զորանոցը Հալեպից հյուսիս գտնվող Աֆրին քաղաքում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ քուրդ զինյալների շրջանում կան վիրավորներ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թուրքիայի հրետանին կրակ է բացել Սիրիայի հյուսիսում գտնվող «Միննեխ» ավիաբազայում ու հարակից գյուղում գտնվող քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկների ուղղությամբ: Գնդակոծությունները շարունակվել են նաև երեկ: