«Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է մնա ծայրագավառի վերջին ադմինիստրատորը, կա՛մ դառնա ՀՀ վերջին նախագահը» Ազատ Արշակյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Այդ մեսիջները նախընտրական քարոզարշավում էլ կային, ինձ համար ոչ մի նորություն չկար, դա նույն Սերժ Սարգսյանն էր, որը նախքան Հայաստանի Հանրապետությունում պաշտոն ստանալը դեռ այդպիսի բաներ էր ասում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին:

Ա. Արշակյանի համար հետաքրքիր է՝ սա վերջի՞նն էր, թե՞ հերթականը. «Այսինքն՝ այդ հայտարարությունները գո՞րծ են դառնալու, թե՞ գնալու են գզրոցը: Եթե գզրոց են գնալու, ուրեմն՝ սա պետք է լինի հերթական բարի ցանկությունների հայտարարությունը, և, անշուշտ, սրանից հետո կգա նոր հիասթափություն: Սերժ Սարգսյանը վերջին նախագահն է, ու թե վերջին նախագահն ի՞նչ ժառանգություն կթողնի, դա շատ կարևոր է, եթե սա վերջին նախագահի ուղերձն էր, ու ինքը հավատարիմ է լինելու իր ուղերձին իր առաքելությանը, նշանակում է՝ կարելի է սպասել լուրջ փոփոխությունների, իսկ եթե սա ոչ թե վերջին նախագահն է, այլ պաշտոնյա է, որը պաշտոնի բերումով հայտարարություններ է անում, ուրեմն՝ ամեն ինչ կմնա նույնը»:

Հարցին՝ Ձեր պատկերացմամբ՝ ո՞ր տարբերակը կլինի, ինչո՞վ էր տարբերվում այս ելույթը նախորդներից, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ տարածաշրջանային և գլոբալ նպաստավոր պայմաններ պետք է ստեղծվեն Հայաստանի համար, ու Սերժ Սարգսյանը եթե  չօգտվի այդ նպաստավոր պայմաններից ու իր ծրագիրը չիրականացնի, նշանակում է՝ թյուրիմացություն է եղել իր հայտնվելն այս շրջանում: Հայաստանին պարտադրվել են ռեժիմներ, միություններ, այսինքն՝ Հայաստանը զրկած է եղել  ինքնիշխանությունից, հայ ժողովուրդը չի կարողացել ինքը տնօրինել իր կյանքը: ՀՀ իշխանությունը վերածվել է իմպերիայի ծայրագավառի ադմինիստրացիայի: Հիմա Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է մնա ծայրագավառի վերջին ադմինիստրատորը, կա՛մ դառնա  ՀՀ վերջին նախագահը: Վերջին նախագահի վերջին շանսն էր սա»:

Թեպետ նախագահը հորդորեց ժամանակից շուտ ընտրարշավ չսկսել, Ա. Արշակյանի խոսքով՝ սա հենց նախընտրական քարոզարշավի մեկնարկն էր. «Հասկանալի է՝ իր մրցակիցներին հետ թողնելու համար ասում է՝ դուք դեռ սպասեք, կարծում եմ՝ սա ընդունված է քաղաքականության մեջ, քաղաքական հնարք է: Նախընտրական քարոզարշավի մեկնարկը Սերժ Սարգսյանը տվել է»:

Կարդացեք նաև

Ա. Արշակյանի խոսքով՝ ՀՀ-ի կարգավիճակը կարող է էապես փոխվել, քանի որ 1921 թվականի մարտի 16-ի ժառանգությունը վերանայելու շանս է ստեղծվել. «Սերժ Սարգսյանը պետք է վերանայի  1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրը, դրանով ինքը կմնա պատմության մեջ, եթե՝ ոչ, նա կման ծայրագավառի ղեկավար»:

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը:

Տեսանյութեր

Լրահոս