Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են ոչ թե սպանել, այլ վախեցնել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել: Այդ կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Դեպքից անցել է 9 ամիս, եւ մինչ օրս կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Միայն Հենրիկ Ավագյանն է ընդունել մեղքը՝ խոստովանելով, որ անձնական հարցով ինքն է կրակել, բայց՝ ոչ սպանելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԱԾ-ի կողմից նշանակված փորձաքննության վերջնական եզրակացության համաձայն՝ մարզպետի մեքենայի դեմ ուղղված կրակոցներն այնպիսին են եղել, որ չէին կարող դրա մեջ գտնվող մարդկանց վնասել: Ասել է թե՝ կրակոցները Սուրեն Խաչատրյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակ են ունեցել: Այսպիսով՝ կրակողը հայտնի է, պատճառները՝ պարզ: Այդ դեպքում ինչո՞ւ են մյուսները, հատկապես՝ Բուդաղյանը հեռախոսով զրուցելու համար շարունակում մնալ կալանքի տակ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: