
Հունաստանում ֆերմերները խարույկներ են վառել ու վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի առաջ

Աթենքում հազարավոր հույն ֆերմերներ բողոքում են կենսաթոշակային ու հարկային բարեփոխումների դեմ, որոնք անհրաժեշտ են երկրին ԵՄ-ից ու ԱՄՀ-ից օգնության հերթական տրանշի ստացման համար:
Երեկ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Հունաստանի գյուղատնտեսության նախարարության շենքի մոտից ֆերմերներին հեռացնելու համար, հայտնում է Reuters-ը:
«Ֆերմերները փորձել են ներխուժել նախարարություն: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց կանգնեցնելու համար»,- գործակալությունը մեջբերել է տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:
Բացի այդ՝ մոտ 10 հազար ֆերմեր միացել է բարեփոխումների դեմ պայքարող արհմիությունների անդամներին: Նրանք խարույկներ են վառել ու վրաններ տեղադրել երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ հայտարարելով, թե պատրաստվում են երկարաժամկետ բողոքի: Իրենց հետ ֆերմերները բերել են մոտ 20 տրակտոր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆերմերների բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների երկրի մի քանի շրջաններում: Ցուցարարները քարեր էին նետել ոստիկանների կողմը, ինչի հետևանքով 10 ոստիկան է տուժել: