«Ես մինչև հիմա զարմացած եմ, թե այդ ո՞վ էր մեր Կառավարությունում այն մարդը, ով հավանություն տվեց Մարզահամերգային համալիրի նմանօրինակ վաճառքի ծրագրին». ճարտարապետ

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերը՝ ճարտարապետներ Ֆերդինանդ Առաքելյանն ու Հրաչիկ Պողոսյանը, լրագրողների հետ քննարկեցին Կառավարության փետրվարի 11-ի նիստում ընդունված որոշումը, որով չեղյալ հայտարարվեց նախորդ տարվա օգոստոսի 31-ին կայացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու մասին որոշումը:

Հրաչիկ Պողոսյանը կարծիքով՝ Մարզահամերգային համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելու որոշումը միջանկյալ, ճարահատյալ քայլ էր. «Պաշտպանության նախարարությունը բոլորովին որևէ առնչություն չէր կարող ունենալ այդ կառույցն իր հովանու տակ վերցնելու համար, որովհետև դա նրանցը չի, այլ ժողովրդինն է: Պաշտպանության նախարարին էլ, ում ես անձամբ ճանաչում եմ ու շատ հարգում եմ, շատ անհարմար կացության մեջ դրեցին այդ քայլով»:

Կառույցներ կան, որոնք սեփականացնելու իրավունք չունեն: Այս կարծիքի է Ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը: Անդրադառնալով Մարզահամերգային համալիրի պահպանման հեռանկարներին՝ նա ասաց՝ մեկ անգամ չէ, որ ինքը բարձրաձայնել է այն մասին, որ Մարզահամերգային համալիրը շատ բարդ, ծանր և ունիկալ կառույց է. «Պետք է ասեմ, որ այդ կառույցն էսպես պահելը հեշտ չէ, այն բե՞ռ է պետության վրա, թե՞ ոչ, այս հարցը մեկընդմիշտ հասկանալու համար ուզում եմ հարց բարձրացնել՝ իսկ «Լա Սկալան ո՞վ է պահում՝ պետությունը, դոտացիան: Ես ավելին ասեմ՝ նույնիսկ «Մարականա» ստադիոնը նույնպես պետությունն է պահում: Այստեղ ուրիշ հարց կա՝ պարզեք, թե այդ կառույցը ճիշտ ընտրված տնօրենի կամ սեփականատիրոջ մշակած բիզնես-ծրագրի արդյունքում որքա՞ն եկամուտ կարող է ապահովել, և կիսեք կառույցի պահպանության խնդիրները՝ 50 % եկամտի, 50 % պետական դոտացիայի միջև»:

Ֆերդինանդ Առաքելյանը բարձրաձայնեց իր այն մտահոգության մասին, որ նախորդ սեփականատերը, որ օգոստոս ամսին Մարզահամերգային համալիրը գնելու ցանկություն էր հայտնել, դա արել էր շատ կոնկրետ հեռանկարով. «Նրանք ուզում էին Մարզահամերգային համալիրը վերածել զվարճանքի ու ժամանցի կենտրոնի: Ասեմ ավելին՝ նրանք հեռահար նպատակ ունեին իրենց ձեռքի տակ վերցնելու ամբողջ բլուրը, որի վրա է տեղակայված Մարզահամերգային համալիրը: Բարեբախտաբար, նրանք հասկացան, որ դա հնարավոր չէ, որովհետև ժողովուրդը ոտքի կանգնեց: Ի վերջո, ո՞նց կարելի էր այդ բլուրը վերածել մի խայտառակ ուտել-խմելու կամ կազինո խաղալու վայրի, էլ չասեմ, թե ինչպես Կառավորությունը նման որոշում կայացրեց՝ վաճառելու Մարզահամերգային համալիրը կասկածելի՝ քրեական հետախուզության մեջ գտնվող ինչ-որ մեկին»:

Կարդացեք նաև

ավելելով բանախոսին՝ ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը նկատեց. «Ես մինչև հիմա զարմացած եմ, թե այդ ո՞վ էր մեր Կառավարությունում այն մարդը, ով հավանություն տվեց Մարզահամերգային համալիրի նմանօրինակ վաճառքի ծրագրին: Մի՞թե կարող է պատահի, որ Կառավարության համակարգում լինի մի մարդ, որն այնքան անփորձ կամ անխելք կլինի, որ այդ հսկայական շենքը կվաճառի մի սրիկայի, ում մասին, ինչպես ասում են՝ քրեական հետախուզության մեջ է: Եթե մեր Կառավարությունում նման գործարքներ պետք է կատարվեն, ուրեմն՝ եկեք այսօրվանից համարենք, որ այլևս ոչ մի հույս չկա»:

Այս առնչությամբ Ֆերդինանդ Առաքելյանը մտահոգություն հայտնեց: «Կառույցներ կան, որ պետությունը պետք է գուրգուրելով պահի, որովհետև դա իմը չի, քոնը չի, դա ժողովրդինն է, չնայած մենք մի ամբողջ կյանք ենք դրել այդ կառույցների ստեղծման վրա: Չե՞ք նկատել՝ որ կառույցը հանձնեցին սեփականատիրոջը՝ կրակն ընկան, քանդեցին «Երիտասարդական պալատը», մետաղները վաճառեցին ու նստեցին տեղները, նայեք, թե ի՞նչ է կատարվում «Ռոսիա» կինոթատրոնի հետ՝ դարձրել են քրջուփալաս վաճառելու մի տարածք»,- սրտնեղած բարձրաձայնեց ճարտարապետը:

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանն այս թեմայի առնչությամբ նշեց, որ ինքն արդեն մեկ տարուց ավելի չի առնչվում կինոթատրոնի սեփականատիրոջ՝ Խաչատուր Սուքիասյանի հետ՝ մեկնաբանելով, որ վերջինս որևէ կերպ չի արձագանքում իր կողմից կառույցի վերականգնման նպատակով որոշակի քայլեր ձեռնարկելու բազմաթիվ առաջարկներին. «Չե՞ք տեսնում՝ բոլոր կողմերից այնպես են խեղդել կինոթատրոնի շենքը, որ այն արդեն ոչ միայն վաղուց կորցրել է իր բուն գործառույթը, այլև, գտնվելով վթարային վիճակում, այլևս որևէ հույս չի ներշնչում»:

168.am-ի այն հարցին, թե ի՞նչ նպատակով է կառույցի շուրջ ստեղծվել այդպիսի իրավիճակ, և ինչո՞վ է պայմանավորված սեփականատիրոջ անարձագանք պահվածքը՝ ճարտարապետի առաջարկներին, պարոն Պողոսյանը դժվարացավ պատասխանել: «Գուցե մեզ նման կինոթատրոններ այլևս պե՞տք չեն»,- նկատեց բանախոսը՝ չմեկնաբանելով, սակայն, առևտրի մոլերում կառուցվող կինոթատրոնների տենդենցը:

168.am-ի այն հարցին, թե, ի վերջո, խնդրի հանգուցալուծման ի՞նչ հեռանկարներ են տեսնում բանախոսները՝ բացառելով սեփականատիրոջ ներկայությունը, հասկանալով, որ պետությունն իր ուժերով համապատասխան հնարավորություններ չունի պահպանելու և հոգալու Մարզահամերգային համալիրի ողջ ծախսերը, որն ինքնին հսկայական միջոցներ է ենթադրում, Հրաչիկ Պողոսյանը պատասխանեց. «Մեր երկիրն այս վիճակի մեջ է հայտնվել, որովհետև չկան, ուղղակի գոյություն չունեն կարգավորող մեխանիզմներ: Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրին, ապա հստակ է՝ այդ կառույցը պարապուրդի մատնվել չի կարող ոչ մի օր: Մինչև օրս ամեն տարվա համար պետք է լիներ կոնկրետ մշակված բիզնես-ծրագիր՝ ամսաթվերով, պայմանագրերով, որը չկա, գոյություն չունի:Պետք է գտնվեն համապատասխան բանիմաց մարդիկ, ովքեր տիրապետում են նման դահլիճների շահագործման ծրագրին, և այդ մարդկանց ներգրավելով՝ հույս ունենալ, որ դա կբերի որոշակի արդյունքի: Մինչև հիմա բոլորը պարտվեցին մի պատճառաբանությամբ՝ որովհետև նրանք գուցե ունեին ցանկություն, բայց չունեին համապատասխան գիտելիքներ, դա է խնդիրը: Ամբողջ հույսս հիմա նոր տնօրենի՝ Ասատրյան Վազգենի վրա է, որովհետև գոնե նա գործից հասկացող մարդ է»:

Անդադառնալով մեր հնչեցրած հարցին՝ իսկ ի վերջո ո՞րն է հենց իրենց՝ Մարզահամերգային համալիրի ստեղծման հեղինակների տեսլականը կառույցի պահպանման հետագա ծրագրի շուրջ, ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը պատասխանեց. «Աչիկ ջան, իսկ դուք կարծում եք՝ մենք դա գիտե՞նք, ի վերջո…»:

 

Տեսանյութեր

Լրահոս