«Եթե չենք  գոռում`«ռեժիմ հեռացի՛ր», չի նշանակում, որ ընդդիմադիր չենք». Վահան Բաբայան

«ԲՀԿ-ում ինտրիգային վիճակներ չկան: Ամեն ինչ նորմալ առաջ է ընթանում: Շատ լրջորեն պատրաստվում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը՝ հավելելով, որ գլխավոր թեստը բոլոր կուսակցությունների համար լինելու է 2017թ. խորհրդարանական ընտրությունները:

«Ունենք մեկ տարի ժամանակ, որը բոլոր կուսակցությունների համար լինելու է անցումային ժամանակաշրջան, որոնք իրենց ուժերը մոբիլիզացնելով փորձելու են հանրությանը ներկայանալ այս կամ այն ծրագրերով: ԲՀԿ-ն ունի իր ծրագրերն ու մոտեցումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ։ Առաջարկելու ենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, բազմաթիվ ծրագրային բարեփոխումներ, որոնցով փորձելու ենք օգտակար լինել մեր երկրին, մեր հասարակությանը և մեր ընտրողներին»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե շուտով կուսակցությունը համագումար է հրավիրելու, ապա Վ. Բաբայանը նշեց, որ հիմա նման քննարկումներ չկան. «Իհարկե, 2016թ. ԲՀԿ-ն անպայման կգումարի իր հերթական համագումարը, բայց առաջիկայում նման իրադարձություն մեր կուսակցությունում դեռ չի սպասվում: Մենք պատրաստվում ենք հաջորդ ընտրություններին։ Այս խորհրդարանն իր լիազորությունն ավարտում է 2017-ին, ու մենք ունենք շատ անելիքներ»։

Նա նաև նշեց, որ ԲՀԿ-ն կանգնելու է տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կողքին. «Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված է և տարբեր նախաձեռնություններ չեն ուզում այս կամ այն կուսակցության անդամ դառնալ։ Բայց մարդիկ պատրաստ են համագործակցության: «Ռեժիմ հեռացիր» ասելով խնդիրները չեն լուծվելու։ Մեր քաղաքացիներին պետք է աշխատանք ու աշխատատեղեր։ Սա է մեր երկրի խնդիրներից մեկը»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ստվերում չի՞ հայտնվել, տարբեր հարցերում կոնկրետ մոտեցումներ չունի, նա այսպես արձագանքեց. «Համաձայն չեմ գնահատականի հետ: ԲՀԿ-ն առաջին ընդդիմադիր խմբակցությունն է խորհրդարանում և եթե չենք հայտարարում`«ռեժիմ հեռացիր», չի նշանակում, որ ընդդիմադիր չենք: Եթե կողմ ենք քվեարկում բյուջեին, չի նշանակում, որ ընդդիմադիր չենք: Մենք վստահ կանգնած ենք մեր ոտքերի վրա, ունենք կադրային ներուժ, որը կարող է օգուտ տալ մեր պետությանը և ունենք սկզբունքներ և մոտեցումներ, որ քննարկում ենք հասարակություն հետ: Ունենք տասնյակ հազարավոր հետևորդներ ու կուսակցականներ։ Եթե այս պահին չենք ընդգրկվում իշխանական կոալիցիայի մեջ, չենք հայտնվում լուսանցքում: Գուցե կա դրա մեջ ճշմարտություն, որ շատ ավելի լավ կլինի, եթե կոնկրետ մոտեցում լինի տարբեր հարցերում, հասկանում եմ, բայց ընդհանուր առմամբ, պետք չէ ժամանակից առաջ ընկնել, ԲՀԿ-ն իր առաքելությունն ունի և ժամանակին այն կկատարի»:

 

Տեսանյութեր

Լրահոս