«Հրանտ Բագրատյանն այն մարդը չէ, որ կարողանա իր շուրջը միավորել ընդդիմադիր բոլոր լիդերներին». Քաղաքագետ

«Այս 23 տարիների ընթացքում ՀՀ-ն բազմաթիվ ընդդիմադիր կոալիցիաներ է տեսել, ու ոչ մեկը հաջողության չի հասել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Հրանտ Բագրատյանի՝ ընդդիմադիր ուժերին արած կոալիցիա կազմելու առաջարկի մասին, ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ես բոլոր ուժերին հրավիրել եմ, հիմա էլ եմ հրավիրում՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ… Եթե մեկին մոռացել եմ՝ հազար ներողություն»,- հայտարարել էր Հրանտ Բագրատյանը:

Այնուամենայնիվ, Գ. Համբարյանը շատ գովելի է համարում Հրանտ Բագրատյանի նման առաջարկը. «Բայց խնդիրն այստեղ հետևյալն է, մեր ընդդիմադիր գործիչներից ամեն մեկն իրեն երևակայում է ամենակարողը, և շատ դեպքերում, երբ գործը հասնում է նրան, որ պետք է իրոք միավորվեն և պայքարեն, պարզվում է՝ հնարավոր չէ այդ միավորումը, և իրենք շատ հեշտությամբ պառակտվում են, որն ուղղակիորեն ձեռնտու է իշխանություններին»:

Մեր այն հարցին՝ եթե, այնուամենայնիվ, միավորվեն Հրանտ Բագրատյանի նշած ուժերը և կոալիցիա կազմեն՝ կկարողանա՞ն հակակշռել  ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Թող միավորվեն, հետո կտեսնենք՝ կկարողանա՞ն հակակշռել, թե՞ ոչ: Հրանտ Բագրատյանը, իհարկե, ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչ է, բայց Հրանտ Բագրատյանն այն մարդը չէ, որ կարողանա իր շուրջը միավորել ընդդիմադիր բոլոր լիդերներին, որոնք կարող է և նրանից ավելի մեծ խարիզմա ու ավելի մեծ վարկանիշ ունեն: Այսինքն՝ այստեղ խնդիրը  հետևյալն է՝ ընդդիմադիր կուսակցությունների լիդերները կհամաձայնե՞ն միավորվել Հրանտ Բագրատյանի շուրջ, թե՞ ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս