«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարևոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ». Ռիչարդ Միլզ
«Անցած տարի կարևոր զարգացումներ եղան ՀՀ-ում ամերիկյան ներդրումների հարցում»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, թե՝ «2015-ի ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը Հայաստանում միայն սկիզբն է»:
Դեսպանը Միլզը նշեց, որ Նախագահ Օբամայի մեկնաբանություններն արտացոլում են դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները Հայաստանում՝ ամերիկյան ներդրումներն ու առևտրի ծավալի մեծացումը: Ըստ դեսպանի` անցած տարի եղան կարևոր զարգացումներ, այդ թվում «Որոտանի» հիդրոկասկադի գործարքը, ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում, նաև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որը նախատեսված է օգնել երկու երկրների կառավարություններին առևտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում:
«Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլում է այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունն հասել է կայացման ու բարեփոխումների մի մակադակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարևոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ: Ավելի շատ ներդրումներ ներգրավելու դեսպանատան նպատակը ընթանում է կոռուպցիայի կրճատմանն ուղղված ՀՀ մեր գործընկերների հետ աշխատանքին զուգահեռ»,-ընդգծեց դեսպանը` շարունակելով, որ հավասար խաղի պայմանների ապահովումը բոլոր բիզնեսների համար, լինեն հայկական, օտարերկրյա,թե ռուսական խիստ կարևոր է: «Մենք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով Հայաստանում»,- ասաց Ռիչարդ Միլզը: