
Շաբոյանին ընդհանրապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կարգավիճակը

Հայաստանում բանանի ներկրման շուկան գտնվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում, որտեղ իրականացվել և ներկայում էլ իրականացվում են ուսումնասիրություններ: «Այդ շուկա մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակումներ չկան, եթե կլինեն տնտեսավարողներ, որոնք կարող են ավելի էժան գներով բանան ներկրել, ապա կարող են այդ ծրագրերն իրականացնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով՝ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կարգավիճակը, ՏՄՊՊՀ-ն գործ ունի միայն ընկերությունների հետ և այսօր Հայաստանում մեծ ծավալներով բանանի ներկրում է իրականացնում «Քեթրին գրուպ» ընկերությունը:
Հարցին՝ արդյոք Ձեզ չի՞ մտահագում այն հարցը, որ անցած տարիների ընթացքում որևէ այլ ընկերություն չի ներգրավվել բանանի ներկրման շուկա, ինչի հետևանքով բանանը մի քանի անգամ թանկ է Երևանում, քան, օրինակ, Մոսկվայում, Շաբոյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ ձեզ հետ, չի կարելի այդպիսի ընդհանրական եզրահանգումներ կատարել, պետք է կոնկրետ խոսենք, թե որ ժամանակահատվածում է գների տարբերություն լինում: Բանանը համարվում է սեզոնային ապրանք և տարվա ընթացքում գները կտրուկ տատանվում են: Մեր ոսումնասիրություններով՝ այս շուկա մուտքի խոչընդոտներ չկան, եթե կլինեն տնտեսավարողներ, ովքեր կցանկանան բանան ներմուծել ու կհանդիպեն խոչընդոտների, թող դիմեն մեզ»: