«ՀՀԿ-ն այն եզակի կուսակցությունն է, որ ուրիշի «պռավալն» էլ է իր վրա վերցնում». Արտաշես Գեղամյան
«Ես ողջունում եմ ցանկացած նման կոալիցիա, համագործակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին:
Նրա խոսքով՝ այն ծանր իրավիճակում, որ աշխարհն է հայտնվել, յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները պետք է լիարժեքորեն օգտագործվի. «Կարծում եմ՝ նախագահ Սարգսյանը շատ ճիշտ է արել, որ ներգրավել է դաշնակցականների մտավոր ուժը երկրի կառավարման համակարգում: Մենք տվյալ պարագայում ներգրավված ենք Հանրապետական խմբակցությունում, և պատիվ ենք համարում մեզ համար՝ հանուն երկրի մեր ուժերը և գիտելիքները ներդնել»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ իշխանությունը գնում է կոալիցիայի զուտ պատասխանատվությունից ազատվելու համար, Ա. Գեղամյանն այսպես պատասխանեց. «Բացարձակապես այդ կարծիքին չեմ, ի տարբերություն ուրիշ կուսակցությունների, ժամանակին եղել եմ խիստ ընդդիմախոսը ՀՀԿ-ի, բայց մի հարցում կարող եմ ասել, որ եզակի կուսակացությունն է, որն ուրիշի «պռավալն» էլ է իր վրա վերցնում»:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ ո՞ր քաղաքական ուժի «պռավալն» է վերցրել ՀՀԿ-ն իր վրա, Ա.Գեղամյանն այսպես պատասխանեց. «Այսօր եթե ամբողջ վատի համար քննադատվում է ՀՀԿ-ն, բայց ՀՀԿ-ն երբեք չի ասել, որ դաշինք է ունեցել նույն ՀՅԴ-ի, նույն ԲՀԿ-ի հետ, որոնց հետո դաշնակից են եղել, նրանք երբեք չեն մատնանշել որևէ այլ կուսակցության»: