«Поставить все точки над И». Կարեն Դուրգարյան
Օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն այս օրերին գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնում: Այս մասին 168.am-ը տեղեկացավ դիրիժորից՝ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Կ. Դուրգարյանի հետ մենք զրուցեցինք վերջին հյուրախաղերի մասին, քննարկեցինք վերջին օրերի իրադարձությունները, ինչպես նաև անդրադարձանք սպասվելիք մամուլի ասուլիսի թեմային, որի ընթացքում, ինչպես դիրիժորի եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանն էր նշել, Կարեն Դուրգարյանը հնչեցնելու է ողջ ճշմարտությունը՝ կապված Օպերային թատրոնի ներսում տեղի ունեցած տարեվերջյան խմորումներին:
– Պարոն Դուրգարյան, ինչպե՞ս են գործերը, ինչպե՞ս են անցնում օրերը:
– Հրաշալի: Այս պահին «Մարիինյան» թատրոնի հրավերով գտնվում եմ Սանկտ Պետերբուրգում: Այսօր օրս շատ հետաքրքիր անցավ, ժամը 12: 00-15:15-ն փորձի էի նվագախմբի հետ, 15:30-ից՝ փորձ երգիչների հետ՝ մինչև 18:30-ը, իսկ արդեն ժամը 19:00-ին՝ ներկայացում՝ այսօր Արամ Խաչատուրյանի «Սպարտակ», իսկ ամսի 12-ին՝ Վերդիի «ball maskarad» օպերան եմ ղեկավարելու:
– Հաճելի է, որ թեկուզ այսքան հեռվից, բայց ուրախ եմ լսում Ձեր ձայնը:
– Հայ երաժշտությունը պրոպագանդելը մեծ հաճույք է՝ նկատի ունեմ այսօրվա ներկայացումը՝ «Սպարտակը»:
– Ե՞րբ եք նախատեսում վերադառնալ Հայաստան, պարոն Դուրգարյան:
– Դեռ չեմ պլանավորում, որովհետև առաջիկայում մի քանի ներկայացումներ էլ կան: Ընդհանրապես, հյուրախաղերը պլանավորվում են երեք տարի առաջ, և մինչև 2020թ. իմ հյուրախաղերն արդեն պլանավորված են:
– Հետևո՞ւմ եք հայաստանյան իրադարձություններին:
– Անշուշտ: Ինձ, իհարկե, հետաքրքրում է այն, ինչ կատարվում է իմ հայրենիքում: Այս օրերին հետևում եմ թուրքական ֆոնի վրա՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումներին:
– Իսկ այն, ինչ կատարվում է Օպերայի՞ն թատրոնում, որովհետև վերջերս ձեր նախկին նվագախմբի երաժիշտները մամուլի ասուլիս էին նախաձեռնել, տեղյա՞կ եք:
– Ոչ, մանրամասներին տեղյակ չեմ:
– Ուզո՞ւմ եք տեղեկացնեմ:
– Ոչ, եթե նյարդերս պետք է տեղի տան, ապա չեմ ուզում մանրամասներ իմանալ: Ի վերջո, ի՞նչ մեղք ունի հանդիսատեսը, ով այդ ամենից կարող է հոգնել, ով ոչ մի կապ չունի իրականում այդ չակերտավոր բարեփոխումների հետ: Նա Օպերային թատրոնից ակնկալում է լավ ներկայացումներ, որոնք իրեն կամ կուրախացնեն, կամ կտխրեցնեն, կոգևորեն՝ որպես լավ արվեստ գործ, բայց ոչ ավելին: Հետո այն մարդիկ, ովքեր խոսում են իմ բացակայության ընթացքում, լավ կլիներ, որ խոսեին այն ժամանակ, երբ ես այդտեղ կլինեմ:
– Ո՞ւմ նկատի ունեք:
– Նրանց, ովքեր խոսում են: Սուտն իրավունք չունի հաղթելու, հատկապես՝ Հայաստանում, մենք իրավունք չունենք՝ սուտը դնենք մեր առաջ ու թաքնվենք դրա հետևում: Ի վերջո, ամեն ինչի հետևում մարդը չէ կանգնած, այլ Աստված: Եվ, ի վերջո, մենք խոսում ենք արտիստի մասին, ոչ օլիգարխի, թալանչիի կամ նույնիսկ քաղաքական գործչի, այլ արտիստի: Եվ ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է Գերգիևի նման մեկի հասցեին ասել, թե նրան այդտեղից վռնդել են… ինչպե՞ս է դա հնարավոր, և դա ասում է մի մարդ և նվագախմբին դեմ է դուրս եկել մի մարդ, ով ինքն այդ նվագախմբի անդամն է եղել տարիներ առաջ: Պարզապես ամեն մարդ պետք է իր տեղն ու դերն իմանա, անկախ նրանից՝ ինքը տառապո՞ւմ է ոչ լիարժեքության կոմպլեքսով, թե՞ ոչ…
– Ո՞ւմ մասին է խոսքը:
– Ով ասում է, թե Վալերի Գերգիևին վռնդել են այդտեղից: Գուցե բառը թռել է բերանից, գուցե վրիպում է, չգիտեմ:
– Պարոն Դուրգարյան, Ձեր եղբայրը մեզ հետ զրույցում ասաց, որ Դուք Հայաստան վերադառնալուց հետո պատրաստվում եք մամուլի ասուլիսով հանդես գալ: Դա ճի՞շտ է:
– Այո: Ես պատրաստվում եմ մամուլի ասուլիս հրավիրել, որպեսզի, ինչպես ռուսներն են ասում ՝ Поставить все точки над И…
– Այսի՞նքն:
– Այսինքն՝ բարձրաձայնել ողջ ճշմարտության մասին, որը տեղի ունեցավ Օպերային թատրոնում: Ի դեպ, ինձ հետ նաև իրավաբան կլինի… Այս պահին ավելին չեմ ուզում ասել: Միայն այսքանը: