Ամեն օր լոգանք ընդունելը կարող է նաև վնասել մաշկը
Ամենօրյա լոգանքը որոշ մարդկանց օրակարգի մի մասն է կազմում: Սակայն վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր լոգանք ընդունելը կարող է վնասակար լինել:
Գիտնականների պնդմամբ՝ լոգանքի հեղուկը մաքրում է մաշկի բնական յուղը: Որոշ դեպքերում մաշկի յուղից ազատվել, իհարկե, ցանկալի է, օրինակ՝ ակնեի դեպքում, սակայն չափից դուրս լոգանքները կարող են հանգեցնել մաշկի չորացման, ինչն էլ բարձրացնում է էկզեմաների, քորի և այլ մաշկային խնդիրների առաջացման ռիսկը:
Ամեն օր լոգանք ընդունելուց պետք է խուսափել հատկապես ձմռան սեզոնին: Ձմռանը, ցրտի և չոր եղանակի համադրությունն ազդում է մարդու մաշկի վրա՝ այն դարձնելով առավել չոր: Իսկ երբ չոր եղանակին, նաև ամեն օր լվանում եք մաշկը, ապա վստահ եղեք՝ որոշ ժամանակ անց մաշկը կսկսի չորանալ և թեփոտվել:
Այնուամենայնիվ, այն օրերին, երբ մարզվել եք և քրտնել, լոգանք ընդունելը պարտադիր է, քանի որ, երբ քրտինքը մնում է մաշկի վրա, այն կարող է վնասել մաշկը:
Ոչ բոլորը գիտեն, որ, ինչպես՝ աղիքային բակտերիաների, այնպես էլ՝ մաշկի բակտերիաների դեպքում, գոյություն ունեն վատ և լավ բակտերիաներ: Երբ ամեն օր մաքրում եք մաշկը, վերացնում եք նաև լավ բակտերիաները, որոնք, փաստորեն, պաշտպանում են մաշկը տարատեսակ վատ բակտերիաների ներխուժումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը