«Պորտֆել վերցնելը ոչ թե հնարավորություն ձեռք բերել է, այլ պատասխանատվություն ստանձնել». ՀՀԿ-ական պատգամավոր
«ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում որոշումներ կայացնելու առումով որևէ խնդիր չունի, հետևաբար՝ կապել կոալիցիան այսօր ուժերի հարաբերակցության հետ, սխալ կլինի, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ ինչո՞վ էր պայմանավորված կոալիցիա կազմելու անհրաժշտությունը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո հանրային կյանքը փոխելով՝ իրավաքաղաքական հանրավորություններ են ստեղծվում. «Համագործակցության առաջարկին արձագանքել է ՀՅԴ-ն, նույնիսկ՝ այնքան համոզված, որ դուրս եկավ քառյակից: Այսինքն՝ երկու կուսակցությունները ստանձնեցին հանրության առջև քաղաքական պատասխանատվություն՝ այս Սահմանադրության հետևանքները ստանձնելու: Այս համատեղ պատասխանատվությունն իրացնելու հանգամանքը հաշվի առնելով՝ հանրապետության նախագահը դիմել էր ՀՅԴ-ին, որ՝ եկեք համագործակցենք այլևս այս փուլում»:
Խ. Հարությունյանը համոզված է՝ այս պայմաններում կառավարությունում պորտֆել վերցնելը ոչ թե հնարավորություն ձեռք բերել է, այլ պատասխանատվություն ստանձնել. «Ահա սա է եղել հիմնականում այն քաղաքական շարժառիթը, որ հանրապետության նախագահը դիմել է ՀՅԴ-ին»:
Հարցին՝ ինպե՞ս եք համագործակցելու նորից, ի՞նչն է փոխվել՝ հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն նախկինում էլ է եղել կոալիցիայի մեջ ձեզ հետ, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Ուսումնասիրեք միջազգային փորձը, նույն կուսակցությունները բազմաթիվ անգամ միացել են ու բաժանվել: Կոալիցիան բացառապես պայմանավորված է տվյալ պարագայում՝ Սահմանադրության ընդունմամբ, խոսքը գնում է այս փուլում համատեղ պատասխանատվություն ստանձնելու մասին, որը կարևորում են երկու կուսակցություններն էլ»: