«Այդ ջուրն էլ ենք տեսել, տեսել էլ ենք՝ ով է բոբիկացել, ինչու է բոբիկացել». Արամ Սարգսյանը՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին

«Թե ի՞նչ է տալու ՀՀԿ-ին համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, թող պարոն Թորոսյանն ասի, իսկ ի՞նչ է տալու ՀՅԴ-ին՝ պաշտոններ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իր այդ քայլը բացատրում է նրանով, որ հիմա է պետք Սահմանադրության նորմերն իրականացնել. «Երբ Արմեն Ռուստամյանը հայտարարում էր՝ իշխանությունը հեղինակազրկված է, ու իրենք ուզում են թույլ չտալ՝ երկիրը փլուզվի, ՀՀԿ-ն պետք է որոշի՝ կարելի՞ է այդ սկզբունքով գնալ առաջ, թե՞ հիմա հրավիրել է ՀՅԴ-ին, որ փրկեն իրենց հեղինակությունը, սա մի սկզբունք է, եթե գնում է կոմպրոմիսային տարբերակ, որ միասին մեծամասնություն վերցնեն ապագա պառլամենտում, սա այլ տարբերակ է, սա քաղաքական գործարք է, որը երկրին ոչինչ չի տա, սոցիալիստական Դաշնակցությունը ո՞նց է մասնակցելու այդ լիբերալիստական քաղաքականությանը, դժվար է ասել»:

Ասուլիսի մեկ այլ բանախոսի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գնահատմամբ էլ՝ սա դասական քաղաքական գործընթաց է. «ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն հայտարարեցին, որ բաց են համագործակցության համար, այս հայտարարությանն արձագանքեց ՀՅԴ-ն, առաջարկը քննարկվեց իշխանությունների կողմից, և, կարծես թե, ստացվում է քաղաքական համագործակցությունը: Դրանք օբյեկտիվ երևույթներ են, որոնք տեղի են ունենում բոլոր երկրներում: Այստեղ որևէ սարսափելի բան փնտրել պետք չէ, պտղաբերությունն ու անպտղությունը ժամանակը ցույց կտա»:

Ա. Սարգսյանն ի պատասխան Շ. Թորոսյանի ասածների՝ նկատեց. «10 տարի ՀՅԴ-ն ձեր հետ էր, ի՞նչ փոխվեց երկրում, որևէ էական փոփոխություն եղե՞լ է: Այդ ջուրն էլ ենք տեսել, տեսել էլ ենք՝ ով է բոբիկացել, ինչու է բոբիկացել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս