«Եթե դու չես մասնակցում՝ դու բացակայում ես, եթե դու չես դիմադրում՝ դու պարտվում ես». Զարուհի Փոստանջյանը՝ իր՝ ՄԻ պաշտպանի պաշտոնում առաջադրման մասին
«Ես երկու հիմանավորում կարող եմ ներկայացնել՝ ինչու առաջադրվեցի՝ որպես ՄԻ պաշտպանի թեկնածու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ առաջին հիմնավորումն այն է, որ իր մասնագիտական կարողությունները, կյանքի փորձն իրեն թույլ են տալիս զբաղվել այդ գործունեությամբ, իսկ երկրորդ հիմնավորումն այն է, որ բոլոր այն անձինք, ովքեր կարող էին այս պաշտոնին հավակնել, չցանկացան մասնակցել այս պայքարին:
Հարցին՝ ովքե՞ր էին այդ մարդիկ, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ դրանք բոլորին հայտնի իրավապաշտպաններ են, բայց անուններ չնշեց:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինքը կուսակցական է, ընդգծված ընդդիմադիր հայացքներով, ուստի չի կարող լավ օմբուդսմեն լինել, Զ. Փոստանջյանն ասաց, որ ընդդիմադիր հայացքների մասին չէ խոսքը, այլ դու պետք է պաշտպանես քաղաքացու իրավունքը, պետք է կանխարգելես, որ ապագայում նման խախտումներ չլինեն:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը օմբուդսմենի՞ց է կախված, Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Ինչպես ցանկացած ժողովրդավար ինստիտուտ ՀՀ-ում՝ դեռ կայանալու ընթացքի մեջ է, դեռ ճանապարհին է, մենք հասկանում ենք, որ ապրում ենք ավտորիտար ռեժիմի ներքո, ու ասել, որ այդ ինստիտուտը կայացել է, այդպես չէ: Բնական է, որ պետք է լինեն ճնշումներ, որովհետև մի պահ է գալիս, որ պայմանավորվածությունները խախտվում են, այսպիսի հարաբերություններ են ի հայտ գալիս:
168.am-ի հարցին՝ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումը, որի անդամ եք նաև Դուք, մերժում է իշխանությունների խաղի կանոններով խաղալ, մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի քննարկումների մասով, հիմա առաջադրվելով ՄԻ թեկնածու, չի՞ ստացվում, որ իշխանությունների խաղի կանոններով եք խաղում, Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի քննարկման հետ կապված՝ մենք խնդիրներ չունենք, իրենք գիտեն մեր դիրքորոշումների մասին, իսկ այստեղ պետք ասել, որ սա տարածք է, որտեղ պայքար պետք է տանել: Եթե դու չես մասնակցում՝ դու բացակայում ես, եթե դու չես դիմադրում՝ դու պարտվում ես»: