«Եվրոպական միության համար ընտրական նոր օրենսգիրքը լակմուսային թեստ է լինելու». Պյոտոր Սվիտալսկի
Եվրոպական միության համար ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը թեստ է լինելու, որի միջոցով կպարզեն, թե Հայաստանին ինչ ուղղությամբ են տանելու սահմանադրական բարեփոխումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հայտարարությունը, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցը հանրաքվեի վերաբերյալ աննախադեպ է, Արևմուտքն առաջին անգամ չի լեգիտիմացրել հանրաքվեն:
«Մեր հասկանալով՝ սահմանադրական բարեփոխումն ընդունված է, մենք նայում ենք հիմա ապագային: Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանը լավ օրենքներ ընդունի, մասնավորապես՝ Ընտրական լավ օրենսգիրք մշակի: Միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրոպական միության համար Ընտրական նոր օրենսգիրքը լակմուսային թեստ է լինելու, որի միջոցով մենք կպարզենք, թե ինչ ուղղությամբ են Հայաստանին տանելու սահմանադրական բարեփոխումները: Ուստի մենք լիահույս ենք, որ Ընտրական նոր օրենսգիրքը կլուծի բոլոր թերությունները, թույլ կետերը, որոնք կան գործընթացում, որ ԺՄԻԳ-ի հանձնարարականները, խորհուրդները լրջորեն հաշվի կառնվեն, և, որ ներպետական բոլոր քաղաքական ուժերը կկարողանան միասին նստել և քննարկել և ընդունել Ընտրական նոր օրենսգիրքը՝ հաշվի առնելով տարբեր տեսակետներ, փորձելով կոնսենսուս, փոխհամաձայնություն ձևավորել: Հանրաքվեի և ԺՄԻԳ-ի զեկույցի հետ կապված երկրորդ հարցը այն է, որ անհրաժեշտ է քննել ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ բոլոր հայտարարությունները և հաղորդումները: Զեկույցում դա հստակորեն նշված է:
Զեկույցում այն համոզմունքն է հայտնված, որ այդ դեպքերին պետք է շատ լրջորեն վերաբերվել, և սա Հայաստանի իշխանությունների հետ մեր օրակարգի մշտական կետերից է, որովհետև մենք հավատացած ենք, որ արատավոր պրակտիկայի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և Հայաստանի հեղինակությունն ու ապագա ընտրությունների հանդեպ վստահությունը մեծապես կախված են նրանից, թե այդ արտավոր պրակտիկան, անկանոնությունները, խախտումներն ինչպիսի արձագանք կստանան: Հուսով ենք, որ այս գործընթացը կշարունակվի: Մենք համարում ենք, որ այն շարունակվում է և հեռու է վերջնականացվելուց: Երրորդ տարրը, որը շատ կարևոր է Եվրոպական միության համար, ընտրական հանձնաժողովների և բոլոր ընտրական մարմինների արդյունավետությունն է և արդարությունը: Ուշադրություն եմ հրավիրում ԺՄԻԳ-ի զեկույցում գրվածին՝ Հայաստանին անհրաժեշտ են ընտրական այնպիսի մարմիններ և հանձնաժողովներ, որոնց նկատմամբ բոլոր հայերն առավելագույնս վստահություն կունենան: Հայաստանին պետք են լավ ընթացակարգեր, Հայաստանին անհրաժեշտ են բոլոր բողոքները քննելու մեխանիզմներ, արատավոր պրակտիկայի մասին բոլոր հայտարարությունները, հաղորդումները քննելու մեխանիզմներ: Սա շատ կարևոր է: Կարևոր է նաև մեզ համար»,- ասաց դեսպանը:
Հարցին, թե ի՞նչ մտահոգություններ ունի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ կապված ազատազրկված անձանց հետ, որոնք, ըստ քաղաքական որոշ ուժերի, քաղաքական հայացքների պատճառով են հայտնվել բանտում, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, որ Հայաստանը Եվրոպական խորհրդի և ԵԱՀԿ անդամ է, կան հստակ չափորոշիչներ՝ դատական համակարգի գործունեությանը, քրեակատարողական հիմնարկների վիճակի, նախնական կալանքի հետ կապված. «Լավ չէ, եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, հայտնի հ/կ-ները, ինչպիսին է, օրինակ, Human rights watch-ը, համոզմունք ունեն, որ անհրաժեշտ է հրապարակային հայտարարություն անել Հայաստանի զարգացումների, այս կամ այն անձի ձերբակալության վերաբերյալ: Դա չի նպաստում Հայաստանի լավ իմիջի ձևավորման գործընթացին Եվրոպայում կամ միջազգային հարթակներում: Մենք վստահություն ունենք միջազգային իրավական ընթացակարգերի և մեխանիզմների գործունեության նկատմամբ: Կան հստակ չափորոշիչներ, որոնց Հայաստանը պիտի հետևի: Մենք ընդամենը կարող ենք կոչ անել: Ես ինքս այս հարցերը քննարկել եմ կառուցողաբար, պիտի ասեմ, Հայաստանի իշխանությունների հետ, և հավատացած եմ, որ այս բոլոր հարցերը հավուր պատշաճի կլուծվեն»: