«Հայաստանը շահագրգիռ է ստատուս-քվոյի փոփոխությանը». Նալբանդյանը պատասխանում է Մամեդյարովին

«Ադրբեջանական քաղաքականությունը հակառակ ազդեցությունն է ունենում»,- պատասխանելով ադրբեջանցի իր պաշտոնակցի մեղադրանքներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը բազմաթիվ անգամներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին մեղադրել է անգործության մեջ՝ նշելով, որ Հայաստանը ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն է:

Նալբանդյանը չի կարծում, որ այս մեղադրանքը եզակի դեպք է, ավելին, Բաքուն բազմիցս է օգտագործում արտահայտություններ եռանախագահների հասցեին, նրանց որակում՝ «տուրիստներ», «իսլամաֆոբներ» կամ ԱՄՆ-ը՝ «ծննդավայր կոռուպցիայի»:

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` Ադրբեջանին թվում է, որ այդպիսի պարզունակ, վարկաբեկիչ հայտարարություններով իրենք կարող են շանտաժի ենթարկել եռանախագահողներին, այլոց, իրենց ընդդիմախոսներին: Այնինչ, նրա խոսքով, զարմանալի է, որ նրանք դասեր չեն քաղում, քանի որ լրիվ հակառակ ազդեցությունն է տվել նրանց այդ քաղաքականությունը, որի հետևանքով միջազգային հանրության կարծիքն ու դիրքորոշումը տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դարձել:

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե Հայաստանը ցանկանում է ստատուս-քվո պահպանել, ապա Հայաստանը, ինչպես և եռանախագահները, շահագրգիռ է ստատուս-քվոյի փոփոխմամբ: Ստատուս-քվոյի պահպանման առաջին պատասխանատուն Ադրբեջանն է: Ինչպե՞ս կարելի է փոխել ստատուս-քվոն, ստատուս-քվոն կարելի է փոխել բանակցությունների միջոցով, պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով, իսկ ո՞վ է սրում իրավիճակը՝ Ադրբեջանը, ով չի արձագանքում եռանախագահողների կոչերին, որպեսզի վերահաստատեն հանձնառությունը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Ո՞վ է դեմ դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ադրբեջանցիները պնդում են, որ, եթե նման մեխանիզմ ստեղծվի, այն կպահպանի ստատուս-քվոն»,- մեկնաբանեց նախարարը:

Վերջինս հույս հայտնեց, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այդ կեցվածքն իրենց որևէ առավելություն չի տալիս: «Իսկ մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որոնք ուղղված են հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որովհետև այլընտրանք չկա»,- ասաց նախարար Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս