«Մենք հայտնվել ենք Ռուսաստանի և Թուրքիայի արանքում, ու դա շատ վտանգավոր է մեզ համար». Կարինե Աճեմյան
Օրերս Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը: Նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց, որ այդ երկու իրադարձություններն անպայման իրար հետ կապված են. «Երբ ասում էի՝ շատ վտանգավոր է Ռուսաստան-Թուրքիայի միջև կատարվող այս ամենը և կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, հիմա ակնհայտ երևում է դա: Ռուսաստանը ներկա պահին որևէ տնտեսություն չունի, բոլորը զարմանում են՝ կործանված, կքած Ռուսաստանն ինչպե՞ս է միանգամից մի քանի կոնֆլիկտներ սկսում: Պատերազմը միակ ինդուստրիան է, որտեղ Ռուսաստանը կարող է հաջողել, որտեղ նա կարող է նստել բանակցային սեղանի առջև»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ասաց, որ մենք դրանից ոչ թե պետք է ուրախանանք, այլ պետք է անհանգստանանք. «Մենք հայտնվել ենք այդ երկու երկրների արանքում, ու դա շատ վտանգավոր է մեզ համար: Ռուսաստանն այս իրավիճակում չի կարող հետ քաշվել ու պարզապես դիտորդի դերում մնալ, գուցե նաև իր ուժն է ուզում ցույց տալ»:
Ա. Սեդրակյանի խոսքով՝ միգուցե քաղաքականորեն մենք գտնվում ենք այդ երկու երկրների արանքում, բայց իր մոտ հարց է առաջանում՝ մենք որքանո՞վ ենք առանձին երկիր Ռուսաստանից ռազմականորեն. «Մենք միշտ խոսել ենք, որ այդ բազան պաշտպանում է մեզ, բայց երբեք չենք քննարկել, որ այդ բազան կարող է նախահարձակ լինել: Եթե Ռուսաստանը նախահարձակ լինի, կարո՞ղ է արձագանքել Հայաստանը»:
Ի պատասխան՝ Կ. Աճեմյանն ասաց՝. «Իհա՛րկե կարող է, հիմա էլ բանակցություններ են գնում, ես ինքս համոզված եմ, որ մենք փոքր երկիր ենք, բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք մեր տեղն ու դիրքը»: