Բաժիններ՝

Ինչպես է ստացվում, որ ՀՀ քաղաքացին ակամա ներդրում է անում Վրաստանում

Ամբողջ Հայաստանի գազամատակարարումն իրականացվում է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի մաս կազմող և Վրաստանի տարածքով անցնող Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ նշված գազատարով, որը կառուցվել է 1984թ.-ին: Գազատարի 12 կմ-ն անցնում է Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքով: 1990-ական թվականներից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում գազուղու որոշակի հատվածներ ականապատվել են և տարիներ շարունակ գտնվում են ադրբեջանցի դիպուկահարների նշանակետում: Դրա հետևանքով գազատարի Կարմիր Կամուրջ-Կողբ հատվածն 90-ական թվականներից ի վեր չի սպասարկվում և փաստացի գտնվում է բարձիթողի վիճակում:

Կարևորելով այս գազատարի կենսական նշանակությունը՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը որոշել է վերատեղադրել այդ հատվածն ու, հնարավորինս փոխելով ծրագիծը դեպի անվտանգ գոտի, ապահովել դրա անխափան աշխատանքը և հնարավորություն ստեղծել այն անվտանգ շահագործել ու սպասարկել: Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է այս տարի կատարել Կարմիր Կամուրջ-Կողբ հատվածի նոր ծրագծով գազատարի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ, իսկ 2017-18 թթ.-ին իրականացնել շինարարությունը: Նախնական գնահատականով՝ Վրաստանում գազատարի ուղեծրի փոփոխությունը կարժենա 8 մլրդ 355 մլն դրամ: Միայն նախագծային աշխատանքների համար կհատկացվի 105 մլն դրամ:

«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանն այս ներդրումն անթույլատրելի է համարում:

«Այսինքն՝ հայ սպառողները պետք է ներդրում անեն սակագնի միջոցով, որպեսզի Վրաստանի տարածքում գտնվող համակարգի վրա աշխատանքներ իրականացվեն: Սա մի քիչ աբսուրդի դաշտից է: Եթե ընկերությունը ներդրում է անում, այդ ծավալը հետագայում տեղավորվում է սակագնի մեջ: Հիմա ներդրում է արվում Վրաստանի տարածքում մի ենթակառուցվածքի համար, որն ընդհանրապես ՀՀ սեփականությունն էլ չէ: Ընդ որում, ՀՀ սահմաներում էլ գազատարը ՀՀ սեփականությունը չէ, բայց ստացվում է, որ մենք պետք է վճարենք ոչ միայն ՀՀ սահմաններում գտնվող «Գազպրոմ-Արմենիայի» համակարգի պահպանման համար, այլև վճարենք Վրաստանի սահմաններում գտնվող համակարգի համար, ինչն ուղղակի մի քիչ անհասկանալի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:

Նա նշեց, որ ծանոթ չէ գազի տարանցման մասին Վրաստանի հետ եղած պայմանագրի մանրամասներին, բայց հայտնի է, որ Վրաստանը դրանից եկամուտ է ստանում. «Թե այդ եկամուտներն ինչ չափով են տեղաբաշխված, այսինքն՝ համակարգը վերանորոգելու խնդիրներն ում վրա են դրված, ես ծանոթ չեմ, բայց դա Հայաստանին չպետք է հետաքրքրի: Հայաստանի սպառողը լավագույն դեպքում կարող է, իհարկե, դա էլ է խնդիր, այն համակարգի վրա թույլ տալ ներդրումներ անել, որը գտնվում է գոնե ՀՀ սահմանների մեջ»:

Ըստ ներդրումային ծրագրի՝ Վրաստանի տարածքով անցնող համակարգի վրա միլիարդների ծախսն ընկերությունը հիմնավորում է նրանով, որ մայրուղային գազատարի տեխնիկական անբավարար վիճակն իր մեջ պարունակում է գազատարի և գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներում լուրջ վթարների հնարավորություն, ինչի հետևանքով կարող է խափանվել գազի մատակարարումը hանրապետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս