Արման Հովհաննիսյան՝ «No Coment»
Դեռևս անցյալ տարի, հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի «Nokia» կինոթատրոնում կայացած երգիչ Chris de Burg-ի մենահամերգը մինչ օրս բուռն քննարկումների տեղիք է տալիս՝ համացանցում և լրատվամիջոցներում:
Զարմանալի է, բայց քննարկման թեման ամենևին էլ համաշխարհային մեծության աստղը չէ:
Համերգը նման բուռն արձագանքի է արժանացել՝ շնորհիվ երգիչ Արման Հովհաննիսյանի, որին նա ներկա էր՝ որպես հայտնի հյուր:
Վերջիններս կատարել են de Burg-ի հայտնի «Lady in Red» կատարումը, ինչն էլ համացանցում տարատեսակ քննարկումների տեղիք է տվել:
Եղան նաև հրապարակումներ, որտեղ Հայաստանի «շոու-բիզնեսի» որոշ ներկայացուցիչներ իրենց կարծիքներն էին հայտնում Արմանի և Chris de Burg-ի համագործակցության վերաբերյալ: Ի դեպ, վերջիններս թեև նախապես անկեղծորեն նշել էին, որ չէին տեսել երգի կատարման տեսագրությունը, բայցևայնպես չէին զլացել կարծիքներ հայտնել: Ընդ որում, հիմնականում՝ քննադատական, հեգնական:
Այս ամենի վերաբերյալ մենք զրուցեցինք Արման Հովհաննիսյանի մենեջեր Լուսինե Արշակյանի հետ, ով, ի դեպ, հանդիսանում է նաև երգիչ Հարութ Բալյանի մենեջերը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առհասարակ որևէ մեկնաբանություն չեն տալիս նմանօրինակ հրապարակում-կարծիքների վերաբերյալ:
Մեր հարցին, թե ո՞ւմ կողմից էր եղել «աղմկահարույց» համագործակցության առաջարկը, Լուսինեն նշեց, որ այդ համերգի հետ կապված չի կարող որևէ տեղեկություն տալ:
Մեր կեսկատակ դիտարկմանը, որ շատ գաղտնապահ մենեջերի տպավորություն է թողնում, Լուսինեն պատասխանեց, որ խնդիրն ամենևին էլ գաղտնապահության մեջ չէ. «Նմանօրինակ հոդվածներին մենք մեկնաբանություններ չենք տալիս: Արմանը երգիչ է, և նրա աշխատանքներին մեկնաբանություն է տալիս ժողովուրդը՝ հանդիսատեսը: Իսկ հանդիսատեսի գնահատականն Արմանի երգարվեստի հանդեպ շատ բարձր է: Ի դեպ, ասեմ, որ Ա. Հովհաննիսյանը մայիսի 15-ին ԱՄՆ-ի «Նոկիա» կինոդահլիճում ունենալու է մեծ մենահամերգ»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ նմանօրինակ համագործակցություններ համաշխարհային մեծությունների հետ ևս կրկնվեն, Լուսինեն ասաց, որ այս պահի դրությամբ ոչինչ ասել չի կարող: Մեր դիտարկմանը, որ լուրեր էին շրջանառվում, թե Արմանը հիմնովին տեղափոխվել է ԱՄՆ և այսուհետ այնտեղ է բնակվելու, Լուսինեն պատասխանեց. «Արման Հովհաննիսյանը վերադառնում է Երևան: Նա մնում է Երևանի սիրելին: Փետրվարի վերջին նա կվերադառնա Հայաստան՝ հատկապես, որ մեր անելիքները շատ-շատ են»: