Բաժիններ՝

Պիկասոյի դստեր գործարքի պատճառով դատարանում են հայտնվել Գագոսյանը և Քաթարի արքայական ընտանիքը

Պաբլո Պիկասոյի գիպսե հայտնի քանդակը տևական ժամանակ կռվախնձոր է դարձել աշխարհահռչակ հայազգի, ամենախոշոր արտ-դիլերներից մեկի՝ արվեստի լավագույն 5 պատկերասրահների սեփականատեր Լարրի Գագոսյանի (Larry Gagosian) և Քաթարի արքայական ընտանիքի միջև: Վեճի առարկան Պիկասոյի  1931թ.  «Կանացի կուրծք» բրոնզե քանդակն է: Պիկասոն պատկերել էր իր մուսա և սիրուհի Մարիա Թերեզա Վոլտերին (Marie-Thérèse Walter):

Դատարանում վիճող երկու կողմերն էլ պնդում են, որ իրենք են այդ արժեքավոր քանդակի սեփականատերը: Ընդ որում, երկու կողմն էլ պնդում է, որ  քանդակը գնել է 80-ամյա Մայա Վիդմայեր-Պիկասոյից՝ նկարչի աղջկանից:

Դատարանում պարզվել է, որ Պիկասոյի դուստրը նախ գործարք է կնքել Քաթարի շեյխի ներկայացուցչի հետ՝ 2014թ. նոյեմբերին կնքելով 38 մլն եվրոյի՝ մոտ 42 միլիոն դոլարի պայմանագիր Pelham Holdings ընկերության հետ: Իսկ կես տարի անց՝ 2015թ. մայիսին, Պիկասոյի դուստրը վաճառքի առավել շահավետ պայմանագիր է կնքել Լ. Գագոսյանի հետ. նա այդ քանդակի համար վճարել է մոտ 106 մլն դոլար, ապա վաճառել է Նյու Յորքից արվեստի մի կոլեկցիոների:

2_pablo-picasso-with-statue-bustier-de-femme_marie-therese_paris_1944_photo_herbert-list

Քաթարի արքայական ընտանիքի արտ-դիլեր Գայ Բեննեթը դատարան է ներկայացրել քանդակի ձեռքբերման հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնց համաձայն՝ նրանք մինչ Գագոսյանի հետ գործարքը ձեռք էին բերել այն: Հետագայում, ըստ Բեննեթի, Գագոսյանի կողմից ավելի բարձր գնի առաջարկ ստանալով, Պիկասոյի դուստրը որոշել է դադարեցնել համաձայնագիրը՝ վերադարձնելով կանխավճարը Քաթարի արքայական ընտանիքին: Լ. Գագոսյանը, իր հերթին, պնդում է, որ Պիկասոյի դուստրը չէր կարող այդ քանդակի համար այդքան ցածր գին պահանջել:

Այս պահին վեճի առարկա դարձած քանդակը գտնվում է MoMA ցուցասրահում՝ որպես «Գագոսյան» հավաքածուի նմուշ:

Դատարանը որոշում է կայացրել թույլ չտալ քանդակի տեղափոխությունը: Քանդակը կմնա Լ. Գագոսյանի մոտ, բայց եթե նա որևէ պատճառով որոշի այն վաճառել, ապա պարտադիր պետք է տեղյակ պահի մյուս կողմին:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Մելքոնյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս