Բաժիններ՝

2016 թ. Չինաստանը կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում

2016 թ. Չինաստանը իր ՀՆԱ-ի աճի ստորին շեմը սահմանել է 6.5%,  բայց մտադիր է պահել այդ տեմպը հաջորդ 4 տարիների ընթացքում:

Ռոյթերսի հաղորդմամբ, Չինաստանի տնտեսական բլոկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կանխատեսել է, որ 2016 թ. ՀՆԱ-ն կաճի 6.5-ից 7%-ով: Չինաստանի ազգային զարգացման և բարեփոխումների կոմիտեի նախագահ Սյու Շաոշինը Պեկինում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել նման հայտարարությամբ:

Այս տարվա կանխատեսումը համահունչ է տնտեսական աճի դանդաղման սպասումներին, քանի որ Չինաստանը մտնում է (ինչպես այդ երկրի ղեկավարներն են ասում) ավելի դանդաղ, նորմալ, սակայն ավելի բարձրորակ աճի փուլ։

2014թ. ՀՆԱ-ի աճը սահմանվել էր 7.5%. 2015թ. նվազեց `հասնելով 7%-ի և հիմա կարող է ավելի նվազել `հասնելով 6.5%-ի: Սակայն այս տարվա համար կանխատեսված 6.5%-ը բավականին դժվար ցուցանիշ է։ Բանն այն է, որ երկրի նախագահ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը պետք է ավելացնի իր ՀՆԱ-ն  տարեկան առնվազն միջինը 6,5%-ով, հակառակ դեպքում այն կձախողի կուսակցության նպատակը՝ ՀՆԱ-ի 2010 թ. մակարդակը կրկնապատկել մինչև 2020 թվականը:

Սա նշանակում է, որ Չինաստանի առաջնորդը չի ցանկանա 2017թ. 6.5%- ից ավելի ցածր շեմ սահմանել, եթե այս տարի աճը զգալիորեն չգերազանցի սպասելիքները:

Վերջին անգամ Չինաստանի ՀՆԱ աճը 7%-ից նվազել է 1990թ.: Եթե չհաշվենք 1989 և 1990 թվականները (այս տարներին Չինաստանի տնտեսությունը բախվել էր դժվար պատժամիջոցների, որոնք կապված էին 1989թ.ի Տյանանմեն հրապարակում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների հետ), ՀՆԱ աճի ավելի ցածր մակարդակ գտնելու համար հարկավոր է ավելի հետ գնալ դեպի 1981 թ.(5.1%):

Իր խոսքում Սյուն խոստովանել է, որ Չինաստանը բախվել է տնտեսական դժվարությունների, բայց հավաստիացրել է, որ Պեկինը ի վիճակի կլինի պահպանել կայուն աճը: «Հիմա խնդիրներն ավելի բարդ են, քան 2 տարի առաջ, բայց կառավարությունը կարող է հաղթահարել դրանք»,- ասել է նա։

Մասնավորապես, Սյուն ասել է, որ կառավարությունը ի վիճակի է կատարել պլանները՝ առանց զանգվածային կրճատումների, ապահովելով Չինաստանի սոցիալական կայունության անձեռնմխելի առաջնահերթությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Գայանե Սիմոնյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս