Startup Europe Week-ն առաջին անգամ Երևանում է
Փետրվարի 5-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ ամենամյա Startup Europe Week միջոցառումը, որն առաջին անգամ հյուրընկալել էր Երևանը: Միջոցառման կազմակերպումը վստահված էր «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին» և «IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնին»:
Startup Europe Week-ն ընթանում է մեկ շաբաթվա ընթացքում: Միջոցառումները տեղի են ունենում աշխարհի ավելի քան 40 երկրների 340 քաղաքներում: Մեր տարածաշրջանոււմ Հայաստանը միակն է, որտեղ անցկացվում է միջոցառումը:
Բացման խոսքում «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ քայլեր են արվում, որպեսզի մյուս տարիներին Startup Europe Week-ին Հայաստանը մասնակցություն ունենա մի քանի քաղաքներով: Բացի Երևանից, կմասակցեն նաև Գյումրին, Վանաձորը և Կապանը:
Միջոցառման հիմնական նպատակն է՝ համախմբել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչներին, աջակցել Հայաստանում ձևավորվող ստարտափ միջավայրի զարգացմանը:
Բագրատ Ենգիբարյանն առանձնացրեց 4 կարևոր հարց, որոնց պետք է առաջնային ուշադրություն դարձնել: Ըստ նրա՝ պետք է մեր երկրում կատարել մշակութային փոփոխություն, փոփոխել կրթական համակարգի միջավայրը: Պետք է լինի կայուն ֆինանսական միջավայր, ինպես նաև՝ մասնավոր սեկտորի, հասարակական կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների և պետության համախմբում:
Startup Europe Week Yerevan 2016-հիմնական թեմաներն էին՝
- Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ,
- Սոցիալական ձեռներեցություն,
- Տեխնոլոգիական ստարտափների աքսելերացիա,
- Առկա ֆինանսավորման միջոցներ,
- Պետական աջակցություն:
Այս թեմաների մասին խոսեցին Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող 15 ներկայացուցիչներ: Խոսնակները ներկայացրեցին Հայաստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ պատմեցին իենց կազմակերպությունների աշխատանքի մասին: Ելույթներ հնչեցին այնպիսի կազմակերպությունների մասին, ինչպիսիք են HDIF-ը, Kolba Labs-ը, Idea հիմնադրամը, Impect Hub-ը, OneArmenia-ն և այլք:
Միջոցառման ողջ ընթացքում խոսնակները մասնակիցներին առաջարկում էին աջակցություն, որը կօգնի Հայաստանում կայուն ստարտափ միջավայրի ձևավորմանը:
Հարկ է նշել, որ գրեթե 5 ժամ տևած միջոցառման տոմսերը սպառվել էին միջոցառումից 2 օր առաջ:
Սիրարփի Աղաբաբյան
Լուսանկարները՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» ֆեյսբուքյան էջից