«Կանգնի՛ր» հրամանից հետո Պերմյակովը շարունակել է առաջ շարժվել. սահմանապահը ներկայացրել է ձերբակալության մանրամասները

Ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց  2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի քննությունը: Դատարանն այս փուլում հարցաքննում է գործով վկաներին, և այսօր հարցաքննվեց սահմանապահ սպա Միխայիլ Խաչատրյանը: Վկան հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, ով հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը ձերբակալվել է իր կողմից: Վկան պատմեց, որ հունվարի 12-ին հրաման է եղել ժամանել 102-րդ ռազմական բազա, քանի որ պահակակետից զինծառայող էր փախել. վկան ասաց, որ իրենք շան միջոցով փնտրել են զինծառայողին: Սակայն որոշ ժամանակ անց շունը դադարել է աշխատել:

«Դրանից հետո հրամանատարի կողմից հրաման եմ ստացել գնալ սահմանային ուղեկալ: Երբ ժամանեցի ուղեկալ, այնտեղ արդեն նորություններ լսեցի և իմացա՝ ինչ է պատահել: Դրանից հետո արդեն սահմանային ուղեկալն ուժեղացված ռեժիմով էր ծառայություն իրականացնում,- ասաց վկան՝ նշելով, որ ծառայության վայր հասնելուց հետո պոմպային հատվածում լապտերի լույս են նկատել, ինչի մասին զեկուցել են հրամատարին,- Այնպես է ստացվում, որ մենք օրակարգի կազմի հետ թաքնվել ենք, լապտերը մոտենում էր մեզ: Թույլ ենք տվել, որ այդ անծանոթը մոտենա, որպեսզի կարողանանք ձերբակալել նրան: «Կանգնե՛ք, ո՞վ է գալիս» կանչից հետո անծանոթը պատասխանեց՝ ձերոնցից եմ, գալիս եմ ձեր մոտ: Այդ պահին ես հասկացա, որ, ամենայն հավանականությամբ, դա փնտրվող անձն էր: «Կանգնի՛ր» հրամանից հետո անծանոթը շարունակում էր շարժվել: Ես նախազգուշական կրակոց եմ արձակել:

Դրանից հետո անծանոթը կանգ առավ, ես հրամայեցի պառկել գետնին, ինչից հետո հատեցի էլեկտրաազդանշանային համակարգը»:

Վկան պատմեց, որ օպերատիվ խումբ է ժամանել. Զննության արդյունքում նրա մոտ երեք հեռախոս և դրամական միջոցներ են հայտնաբերվել: 20-30 րոպե անց ժամանել է հրամանատարը և տարել է անծանոթին:

Պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին՝ վկան ասաց, որ երևի թե 10 անգամ հարցաքննվել է թե՛ հայ, թե՛ ռուս քննիչների կողմից:

Լ. Սահակյանն ասաց, որ առաջին անգամ հարցաքննվելու ընթացքում վկան ընդհանրապես չի պատմել այն մասին, որ շներով փորձել են փնտրել Վ. Պերմյակովին. «Հակառակը, ասել եք, որ այն մասին, թե փախած զինծառայող կար՝ տեղեկացել եք միայն առավոտյան, ժամը 8:15-ին»: Ի պատասխան՝ վկան ասաց, որ ռուս քննիչներին ամբողջությամբ պատմել է, թե ինչ է եղել, իսկ հայ քննիչների կողմից եղել են հարցեր, այդ հանգամանքի վերաբերյալ հարց չի տրվել:

Փաստաբանը հետաքրքրվեց, թե ինչու է հայկական կողմին ասել, որ Վ. Պերմյակովի՝ զենքով զորամասի տարածքը լքելու մասին իմացել է ժամը 8:15-ին: Միխայիլ Խաչատրյանն ասաց, որ ամբողջը, ինչ տեղի է ունեցել գիշերվանից սկսած, պատմել է ռուս քննիչներին, իսկ հայկական կողմը չի հարցրել, և ինքը կարծել է, թե կողմերը համագործակցում են և տիրապետում են տեղեկատվությանը: Իսկ հետագայում, ինչպես նշեց նա՝ երբ հայ քննիչները կոնկրետացրել են հարցերը, ինքը հայտնել է: Երբ Լ. Սահակյանը հարցրեց, թե քանի՞ հոգով են սահմանին ուժեղացված ծառայություն իրականացրել, վկան պատասխանեց, որ դա ծառայողական գաղտնիք է, չի կարող հրապարակել, իսկ կոնկրետ Վ. Պերմյակովի ձերբակալությունն իրականացրել են ինքն ու մեկ այլ սերժանտ: Վ. Պերմյակովը, ըստ նրա, չի ներկայացել:

Լ. Սահակյանի հարցին, թե որտեղի՞ց են իմացել, որ դա փախչող անձն է, վկան պատասխանեց, որ լուսանկարներով ցուցումներ են եղել, իմացել են նաև ԶԼՄ-ներից: Փաստաբանի հարցին, թե ի՞նչ տեղեկություններ պետք է ստանային ԶԼՄ-ներից, վկան պատասխանեց, որ պարզապես հետևել են, սակայն չեն ղեկավարվել դրանցով: Մանրամասնելով Վ. Պերմյակովի ձերբակալությունից հետո տեղի ունեցածը՝ սահմանապահ սպան ասաց, որ ժամանել է օպերատիվ խումբ՝ զորամասի հրամանատարի գլխավորությամբ, Վ. Պերմյակովին նստեցրել են մեքենան, տարել: Լ. Սահակյանը հետաքրքրվեց՝ արդյոք հայկական կողմին տեղեկացրե՞լ են այն մասին, որ ձերբակալված անձ կա, վկան պատասխանեց, որ այն բանից հետո, երբ Վ. Պերմյակովին տարել են, 5-10 րոպե անց ժամանել են  իրավապահ մարմինների՝ ԱԱԾ-ի աշխատակիցներ, իսկ թե ո՞վ է նրանց տեղեկացրել, վկան չգիտեր: Նրանք հարցրել են, թե որտեղ է ձերբակալվածը, ինչին ինքը պատասխանել է, որ օպերատիվ խումբը՝ զորամասի հրամանատարի գլխավորությամբ, նրան տարել են:

 

Տեսանյութեր

Լրահոս