Լիբիայում կա ԴԱԻՇ-ի 3-5 հազար զինյալ. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդեն Լիբիայում են գտնվում ԴԱԻՇ-ի 3-5 հազար զինյալներ, բայց միջազգային հանրությունը ոչինչ չի կարող դրա հետ անել:
«Մեր գնահատականներով՝ Լիբիայում արդեն գտնվում է ԴԱԻՇ-ի 3-5 հազար զինյալ»,- ասել է նա՝ նշելով, որ միջազգային հանրությունը չի կարող ոչինչ անել, հարկավոր է երկրում ստեղծել նոր կառավարություն:
«Եթե ստեղծվի նոր կառավարություն, դա թույլ կտա նրան պայքարել ահաբեկիչների դեմ, ապահովել իր տարածքի ու սահմանների պաշտպանությունը, ու այդ ժամանակ միջազգային հանրությունը կկարողանա նրան աջակցություն ցուցաբերել»,- ասել է Ֆաբիուսը:
Ավելի վաղ՝ Ամստերդամում, նման ոգով անհանգստություն էր հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Մենք ուշադիր հետևում ենք Լիբիայի իրավիճակին: Այն հաստատում է քաղաքական որոշման անհրաժեշտությունը, կրակի դադարեցումը ու ազգային միասնական կառավարության ստեղծումը, ինչը թույլ կտա պայքարել ԴԱԻՇ-ի դեմ: ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լիբիային, մասնավորապես կառուցել նոր ուժային կառույցներ, սակայն դա պահանջում է երկրի կառավարության հարցումը ու նոր իրավիճակի ստեղծում»,- ասել է նա: