Քաղաքացիական պայմանագիրն առաջնային ծրագիր է հռչակել ՀՀ բնակչության թվի կրկնապատկումը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր հայտարարել է, որ քննարկում է ապագայում Հայաստանում Երաշխավորված բազային եկամտի համակարգի ներդրման հնարավորությունը:

«Ծրագրի իրագործումը պահանջում է հսկայական ջանքեր, բայց դրա ներդրումը ռազմավարական հեռանկարում իրագործելի է: Այս ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու համար, սակայն, նախ անհրաժեշտ կլինի Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգում իրականացնել լրջագույն բարեփոխումներ. պետության եկամուտները պետք է աճեն երկնիշ ցատկերով: ՔՊ-ն գիտակցում է, որ համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել դրանից բխող հնարավոր ռիսկերը։ ՔՊ-ն շարունակելու է սույն թեմայի շուրջ քննարկումները՝ Երաշխավորված բազային եկամուտը որպես ռազմավարական ծրագիր որդեգրելու հնարավորությունը գնահատելու համար,- հայտարարել է ՔՊ վարչությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծրագրային առաջնահերթություն է հռչակել առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության թվի կրկնապատկումը, ինչը ոչ թե մարդկանց կուտակման մեխանիկական գործողություն է, այլ երկրի բովանդակային վերակառուցման արգասիք:

Որպես այս խնդրի լուծման ճանապարհ՝ Կուսակցությունը ուղենշել է մարդու ազատության և արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների և կրթության քաջալերումը հասնելու համար երեք հիմնական նպատակների՝ երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն։

Կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 20 տարվա ընթացքում այս նպատակների հասնելու և արձանագրված արդյունքը տևական դարձնելու հնարավոր ուղիներից մեկը կարող է լինել Երաշխավորված բազային եկամտի համակարգի ներդրումը:

Երաշխավորված բազային եկամուտը պետության կողմից անխտիր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ գործազուրկներին, աշխատողներին, աղքատներին, հարուստներին, երեխաներին, ծերերին վճարվող ամենամսյա վճար է, որը պետք է բավարարի քաղաքացու հիմնական կարիքները հոգալու համար։

Նման վճարը քաղաքացիներին հնարավորություն կտա՝

1. Զբաղվել գործունեության նախընտրած տեսակով:

2. Կլուծի կրթության հասանելիության խնդիր։

3. Կլուծի ներգաղթի և ծնելիության մակարդակի բարձրացման խնդիրը։

4. Ծնողները կստանան ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ երեխաների դաստիարակության համար։

5. Գիտնականները, արվեստագետները, մշակույթի գործիչները կստանան ստեղծագործելու որոշակի ֆինանսական ազատություն։

6. Ժամկետային զինծառայողները կազատվեն ընտանիքների սոցիալական ծանր վիճակի հետ կապված հոգեբանական բեռից։

7. Պետությունը կազատվի հսկայածավալ և անարդյունավետ սոցիալական ծախսերից՝ փոխարենը փաստացի լուծելով աղքատության խնդիրը և կենսաթոշակառուների համար ապահովելով արժանապատիվ և բարեկեցիկ ծերություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կատարվել է նշված ծրագրի նախնական տնտեսագիտական գնահատում, ինչի արդյունքում ՔՊ մասնագետները հանգել են եզրակացության, որ ծրագրի իրագործումը պահանջում է հսկայական ջանքեր, բայց դրա ներդրումը ռազմավարական հեռանկարում իրագործելի է: Այս ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու համար, սակայն, նախ անհրաժեշտ կլինի Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգում իրականացնել լրջագույն բարեփոխումներ. պետության եկամուտները պետք է աճեն երկնիշ ցատկերով:

ՔՊ-ն գիտակցում է, որ համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել դրանից բխող հնարավոր ռիսկերը։
Միաժամանակ հասկանալի է, որ այս համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ կլինի իրականացնել պիլոտային ծրագիր՝ գործնական հետևանքները գնահատելու համար։
ՔՊ-ն շարունակելու է սույն թեմայի շուրջ քննարկումները՝ Երաշխավորված բազային եկամուտը որպես ռազմավարական ծրագիր որդեգրելու հնարավորությունը գնահատելու համար:

Զուգահեռ շարունակվելու են նաեւ քննարկումները Կուսակցության հռչակած հիմնական նպատակներին (երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն) համահունչ այլ մոդելների վերաբերյալ»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն
05.02.2016թ.

Տեսանյութեր

Լրահոս