Բաժիններ՝

Պերմյակովի գործով դատական նիստի ժամանակ սահմանապահը մանրամասներ է պատմել

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում փետրվարի 5-ին շարունակվող Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստում հարցաքննված առաջին վկան Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանն էր, ով մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա պատմեց, որ հերթապահության մեջ է եղել, երբ հունվարի 12-ի գիշերը` ժամը չորսի սահմաններում սահմանապահ ուղեկալը տեղեկացվել է, որ ռազմաբազայից պահալակետից զինվոր է փախել: Վկան և սահմանապահ ջոկատի մյուս աշխատակից Սերգեյ Սլյուսերը որոնողական շան օգնությամբ սկսել են փնտրել Պերմյակովին հենց ռազամաբազայի տարածքից: Ճանապարհին մի քանի անգամ շունը կորցրել է հետքը, նույնիսկ մի քանի տուն են մտել և փնտրել: Վկան նշեց, որ արդեն ավելի ուշ հասել և փնտրել են Մյասնիկյան 188 հասցեում և շարունակել աշխատանքը մինչև «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք: Որոնողական աշխատանքներն այդ ընթացքում որևէ արդյունք չեն տվել:

Միայն ավելի ուշ Բայանդուրի սահմանապահ ուղեկալի մոտ` ջրային պոմպի հարևանությամբ, տեսել են, որ ինչ-որ մեկը լապտերով իրենց է մոտենում: «Կանգնիր, ով է հրահանգին», Պերմյակովը պատասխանել է. «Ձեզնից եմ, գալիս եմ մերոնց մոտ»:

Այդ ժամանակ Միխայիլ Խաչատրյանը հասկացել է, որ որոնվող զինվորն է, նախազգուշական հրահանգից հետո նրան ձերբակալել են: Նրա մոտ հայտնաբերվել են բջջային երեք հեռախոս և որոշակի գումար: Այդ մասին տեղեկացրել են սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Մերզլիկին:

Ի դեպ, փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերից պարզ դարձավ, որ վկան որոշ հանգամանքների մասին պատմել է միայն ռուսական կողմին, քանի որ հայկական կողմից իրեն «այս մասին չեն հարցրել»:

Պերմյակովին ուղեկալի ներկայացուցիչները հանձնել են սահմանապահ զորքերի օպերատիվ խմբին, որն էլ նրան տարել է զորամաս: Խաչատրյանի խոսքով` հայկական կողմին սահմանը հատելու փորձ կատարող զինվորի մասին տեղեկություն հայտնել են միայն Պերմյակովին տանելուց հետո:

Նախատեսվում է դատական այս նիստին հարցաքննել գործով անցնող 16 վկայի. Երազգավորս գյուղի երկու բնակչի և սահմանապահների:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս