«ԲՀԿ-ն մինչև խորհրդարանական ընտրությունները, որևէ ֆորմատով՝ կլինի անունը կոալիցիա, Վարդուշ, թե Հայկուշ՝ չի լինելու ՀՀԿ-ի հետ». Նաիրա Զոհրաբյան
«ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է, յուրաքանչյուրը կարող է ունենալ տեսակետ, պարտադիր չէ՝ մեր տեսակետներն իրար համընկնեն»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների մի մասը կողմ է այս պահին իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն:
Նա նշեց, որ ինքը և իրենց մի քանի գործընկերներ դեմ են այժմ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, քանի որ կարճաժամկետ համագործակցությունն արդյունավետ չեն համարում: Իսկ մի մասն էլ կողմ է կոալիցիային, բայց դա նորմալ երևույթ է.
«Որևէ կոալիցիա մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ չի լինելու: Կոալիցիայի թեման փակված է, բայց մեր խմբակցությունում կան գործընկերներ, որոնք այլ կերպ են մտածում: Մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց տեսակետին ու վստահ ենք, որ իրենք էլ մեր տեսակետին են հարգանքով վերաբերվում»:
Նրա խոսքով՝ մամուլն իրենց ներքին խոհանոցից հրապարակում է ինֆորմացիաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում.
«ԲՀԿ-ն մինչև խորհրդարանական ընտրությունները, որևէ ֆորմատով՝ կլինի անունը կոալիցիա, Վարդուշ, թե Հայկուշ՝ չի լինելու ՀՀԿ-ի հետ, որովհետև, ես ինչպես հասկացա, դաշնակցական մեր գործընկերները «կոալիցիա» բառն առանձնապես չեն սիրում»: